Վերականգնվող էներգետիկայի աննախադեպ զարգացումը նոր խնդրի առջև է կանգնեցրել մասնագետներին. երբ քամին փչում է, արևը փայլում է և ալիքները գլորվում են, առատ «կանաչ էներգիա» է առաջանում: Իսկ ինչ անե՞լ, երբ երկինքը մթնում է, իսկ քամի չկա:
Այսօրվա պատասխանը ավանդական հանածո աղբյուրներից էներգիայի արտադրությունն ավելացնելն է՝ էլեկտրական ցանցում առաջացող պակասորդը լրացնելու համար։ Սա 21-րդ դարի խնդրի՝ 20-րդ դարի լուծումն էր, որը կտրուկ հակադրվում է ածխաթթու գազի արտանետման ծավալների զրոյացման ծրագրերին։
Ոլորտի որոշ փորձագետներ ժամանակակից լուծումը փնտրում են ոչ թե ավանդական տեխնոլոգիաների կամ ժամանակակից քիմիայի նվաճումներում, այլ բնական ձգողականության կիրառման մեջ:
Այն, ինչ բարձրանում է, պետք է նաև իջնի. նյուտոնյան այս անփոփոխ տրամաբանությունն ընկած է գրավիտացիոն մարտկոցների աշխատանքի սկզբունքի հիմքում։
Էներգիայի պահպանման այս մոտեցումը շատ պարզ է. երբ «կանաչ էներգիան» առատորեն գեներացվում է, օգտագործեք այն հսկայական ծանրությունը կանխորոշված բարձրության վրա տեղափոխելու համար: Երբ վերականգնվող էներգիան սահմանափակ է, թողարկեք բեռը՝ սնուցելով գեներատորը վայրընթաց ձգողականությամբ:
Էդինբուրգում գործող Gravitricity կանաչ ինժեներական ստարտափն աշխատում է այս գաղափարն իրականություն դարձնելու ուղղությամբ: Անցյալ տարվա ապրիլին ընկերության մասնագետների խումբը հաջողությամբ փորձարկեց իր առաջին ինքնահոս մարտկոցի նախատիպը՝ 15 մ երկարությամբ պողպատե աշտարակ, որը «կախում էր» 50 տոննա երկաթի ծանրությունը:
Դյույմ առ դյույմ էլեկտրական շարժիչները բարձրացնում էին հսկայական մետաղական արկղը դեպի վեր, այնուհետև այն աստիճանաբար իջեցնում՝ կենտրոնաձիգ ուժով սնուցելով մի շարք էլեկտրական գեներատորներ:
Թեև ինքնահոս մարտկոցի նախատիպը վեր խոյացող աշտարակի տեսք ուներ, ընկերության ուշադրությունն այժմ ուղղված է ստորգետնյա տարածությանը։ Ինժեներներն անցած տարին ծախսել են Մեծ Բրիտանիայում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Աֆրիկայում և Չիլիում շահագործումից հանված ածխահանքերն ուսումնասիրելու վրա: Հիմնավորումը բավականին պարզ է. «Ինչու՞ կառուցել աշտարակներ, երբ մենք նույն նպատակով կարող ենք օգտագործել ստորգետնյա դատարկված տարածքները»:
Աղբյուրը՝ BBC
Պատկերը՝ BBC/Energy Vault