
Երկիրը գիշերները դառնում է ավելի ու ավելի պայծառ։ Արբանյակային դիտարկումների վրա հիմնված նոր միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ արհեստական լուսավորությունը մեր մոլորակը 16%-ով ավելի պայծառ է դարձրել 2014-2022 թվականների ընթացքում։ Ընդ որում, որոշ տարածաշրջաններում նկատվում է հակառակ միտումը:
Գիտնականները տվյալները վերլուծել են NASA-ի Black Marble գործիքի օգնությամբ, որը մշակում է Suomi NPP և NOAA-20 արբանյակների վրա տեղադրված VIIRS ռադիոմետրի չափումները։ Արդյունքները հակասական են ստացվել։
Ընդհանուր առմամբ, Երկիրը շարունակում է գիշերները ավելի պայծառ փայլել, հատկապես զարգացող երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում և Աֆրիկայի մի շարք պետություններում։ Սակայն միաժամանակ աճում է նաև այն տարածքների մակերեսը, որտեղ գիշերային լուսավորությունը, ընդհակառակը, նվազում է։
Ֆրանսիայում, օրինակ, որտեղ ակտիվորեն ներդրվում են էներգախնայողության միջոցառումներ, գիշերային լուսավորությունը նվազել է տպավորիչ 33%-ով։
Մշտական արհեստական լուսավորությունն արդեն իսկ լուրջ ազդեցություն է թողնում մարդկանց, կենդանիների և բույսերի առողջության վրա։ Այն խախտում է ցիրկադային ռիթմերը, վատթարացնում քնի որակը, խանգարում չվող թռչունների և միջատների կողմնորոշմանը։ Աստղագետների և աստղային երկնքի սիրահարների համար սա նշանակում է աստղերի աստիճանական անհետացում նույնիսկ համեմատաբար մութ վայրերում։
Միաժամանակ, Աֆրիկայի և Ասիայի աղքատ տարածաշրջաններում լուսավորվածության աճը հաճախ դրական իմաստ ունի։ Տնտեսական տեսանկյունից պայծառությունը կարող է լավ նշան լինել։ Դա նշանակում է ավելի մեծ ակտիվություն, մարդիկ հասանելիություն են ստանում էլեկտրականությանն այնտեղ, որտեղ այն նախկինում չկար։
Աղբյուրը՝ Reuters
Պատկերը՝ Michala Garrison/NASA Earth Observatory