Քիմիկոսները կեղտաջրերը ծանր մետաղներից մաքրելու մեթոդ են հայտնագործել

10 Հունվար, 2022

Ռուս գիտնականները կեղտաջրերը ծանր և գունավոր մետաղներից արագ մաքրելու համակարգ են ստեղծել։

«Այս մեթոդի էությունը բավական պարզ է. աղտոտիչներով լուծույթն անցնում է հատակին գտնվող էլեկտրոդներով ապարատի միջով: Հեղուկի միջով անցնում է էլեկտրական հոսանք, որից էլեկտրոդների վրա հայտնվում են ջրածնի և թթվածնի պղպջակներ։ Դրանք աստիճանաբար լողում են դեպի մակերես՝ ճանապարհին որսալով մետաղական մասնիկներ։ Այնուհետև գոյացած փրփուրը հեռացվում է հատուկ քերիչով», - ասել է հայտնագործության հեղինակներից մեկը՝ Մենդելեևի անվան քիմիկո-տեխնոլոգիական համալսարանի գիտաշխատող Վլադիմիր Բրոդսկին։

Վերջին տարիներին գիտնականներն սկսել են մշակել կեղտաջրերի մաքրման նոր մեթոդներ, որոնք գործընթացը դարձնում են տնտեսապես շահավետ: Մյուս կողմից, դրանք հնարավորություն են տալիս օգտագործել այս վերջնամշակման օրգանական արտադրանքը որպես պարարտանյութ դաշտերում ու այգիներում։ Նշված մեթոդները կիրառելի են նաև արդյունաբերական կեղտաջրերից ու քաղաքային կոյուղուց թանկարժեք մետաղների ստացման համար։   

Բրոդսկու և նրա գործընկերները մշակած մեթոդը թույլ է տալիս տարանջատել գրեթե բոլոր գունավոր և ծանր մետաղները նույնիսկ ամենաաղտոտված կեղտաջրերից: Դրա համար, ինչպես նշում են գիտնականները, անհրաժեշտ է միայն էլեկտրական հոսանքի աղբյուր և փոքր քանակությամբ մակերևութաակտիվ նյութեր՝ այսպես կոչված, ֆլոկուլանտներ՝ միացություններ, որոնք ընդունակ են իոններն ու մանր մասնիկները «սոսնձել» ավելի ծավալուն կառուցվածքներին։

Նշված միացությունների փոքր քանակությունների ավելացումը հնարավորություն է տալիս կտրուկ բարելավել ծանր և գունավոր մետաղների մաքրման որակը և ստանալ ոչ թե 60% նիկել, պղինձ, կապար և ցինկ, այլ աղտոտիչների ընդհանուր զանգվածի մոտ 99%-ը։ Բացասական լիցքավորված մակերևութային ակտիվ նյութերը լավագույնս համապատասխանում են այս նպատակներին. դրանց օգնությամբ կեղտաջրերը կարող են մաքրվել ընդամենը 3-5 րոպեում:

«Հետաքրքիր է, որ այն միացությունները, որոնք մենք օգտագործում էինք որպես մակերևութային ակտիվ նյութեր և ֆլոկուլանտներ, արդեն կարող են առկա լինել արդյունաբերական կեղտաջրերում: Այսպիսով, մեր արդյունքները օգտակար են ոչ միայն գիտական, այլ նաև տեխնոլոգիական տեսանկյունից», - եզրահանգել է Վլադիմիր Բրոդսկին։ 

Աղբյուրը՝ ՏԱՍՍ

Լուսանկարը՝ Nature.com


Այլ լուրեր