Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքում գործարկվել է ջրածնային վառելիքային տարրերով աշխատող աշխարհի խոշորագույն էլեկտրակայանը: Կայանի կառուցման, գործարկման և շահագործման համար պատասխանատու է Doosan Fuel Cell ընկերությունը:
Shinincheon Bitdream էլեկտրակայանն արտադրում է մինչև 78,96 ՄՎտ էլեկտրաէներգիա, միաժամանակ օդից հեռացնելով մոտակայքում հեղուկ բնական գազով աշխատող էլեկտրակայանից արտազատվող միկրոմասնիկները։
Կայանն էլեկտրաէներգիայով կապահովի մինչև 250,000 և ջերմային էներգիայով՝ մինչև 44 000 տնային տնտեսությունների։ Օդի մաքրման համակարգն ունակ է տարեկան կլանելու մինչև 24,000 տոննա փոշու մանրէներ։
Էլեկտրակայանը կառուցվում է 2017 թվականից։ Այն ավարտին հասցնելու համար պահանջվել է 292 միլիոն դոլար։ Էլեկտրակայանի շահագործման համար ջրածնի աղբյուրները չեն նշվում, սակայն շուտով կկառուցվի հեղուկ ջրածնի արտադրության գործարան՝ կայանը «կանաչ» վառելիքով ապահովելու համար։ Մատակարարումների մեկնարկը նախատեսված է 2023 թվականին՝ տարեկան մինչեւ 30,000 տոննա հեղուկ ջրածին նախատեսված հզորությամբ։
Մեկ այլ նմանատիպ նախագիծ Հարավային Կորեայում սկսել են իրագործել այս տարվա մարտից։ Մինչև 2024 թվականը Սեուլից 30 կմ հեռավորությամբ գտնվող Հվասոն քաղաքի համար կկառուցվի ջրածնային վառելիքային տարրերով աշխատող 80 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայան։ Հարավային Կորեան խաղադրույք է կատարում ջրածնային էներգիայի վրա։ Հեղուկ բնական գազի էներգիան ոչ միայն ինքնին թանկ է, այլև էկոլոգիապես վնասակար: Ջրածնի, որպես էներգակրի, անցնելը դժվար թե էներգիան ավելի էժան դարձնի, բայց կարող է այն ավելի մաքուր դարձնել:
Լուսանկարը՝ Doosan Fuel Cell