Չինաստանը հայտարարել է «Շիդաովան» էլեկտրակայանի երկրորդ ռեակտորում շղթայական ռեակցիայի փորձարկման ավարտի մասին։ Այս կայանի ռեակտորներն աշխարհում առաջինն են, որոնցում տուրբինները պտտելու համար օգտագործվել է գերտաքացված (բարձր ջերմաստիճանի) գազ, այլ ոչ թե ճնշման տակ գտնվող ջուր:
Էլեկտրակայանը մինչեւ տարեվերջ կմիանա Չինաստանի էլեկտրամատակարարման համակարգին եւ կկարողանա ապահովել մինչեւ 210 ՄՎտ էլեկտրաէներգիա։
Գազահովացվող խճաքարի շերտով բարձր ջերմաստիճանի չորրորդ սերնդի HTR-PM ռեակտորները «Շիդաովանի» տարածքում սկսել են կառուցել 2012 թվականին՝ որպես ցուցադրական նմուշներ: 250 ՄՎտ հզորությամբ երկու ռեակտորներից յուրաքանչյուրը կշարժի 210 ՄՎտ հզորությամբ մեկ տուրբին: Համակարգը մոդուլային է։ Ապագայում նախատեսվում է ևս մի քանի մոդուլ կառուցել «Շիդաովան» ԱԷԿ-ում։ Նախատեսվում է նաև ստեղծել 650 ՄՎտ հզորությամբ տուրբին պտտող վեց ռեակտորներից բաղկացած բազմամոդուլային կոնֆիգուրացիա:
Վառելիքը ռեակտորում տեղադրվում է գրաֆիտային գնդիկների (խճաքարերի) տեսքով, որոնք տրոհվում են: «Խճաքարային շերտով» անցնում է չեզոք գազ, որը քիմիական ռեակցիայի մեջ չի մտնում վառելիքի հետ։ Այն տաքացվում է, այնուհետեւ օգտագործվում է տուրբինը պտտելու համար։ «Շիդաովան»-ի էլեկտրակայանի առաջին HTR-PM ռեակտորը փորձարկվել էր այս տարվա սեպտեմբերին:
HTR-PM ռեակտորի հիմնական առավելությունները ներառում են ռեակտորի բաղադրիչների և սարքավորումների արտադրության գրեթե ամբողջական տեղայնացումը (մինչեւ 93,4%) և շահագործման բնական անվտանգությունը: «Շիդովան» ԱԷԿ-ում նախատեսվում է կառուցել մինչև 18 ռեակտոր (մոդուլ)։ Քննարկվում է նաև Չինաստանի մի քանի այլ ատոմակայաններում HTR-PM կառուցելու հարցը։
Աղբյուրը՝ World Nuclear News
Լուսանկարը՝ China Huaneng