Հայտնի է աշխարհում ամենաարագ էլեկտրական փոխադրամիջոցը

06 Դեկտեմբեր, 2021

Rolls-Royce ընկերության ինքնաթիռը դարձել է աշխարհում ամենաարագ էլեկտրական փոխադրամիջոցը։ Ընկերության ներկայացուցիչները նկատել են, որ վերջին թռիչքային փորձարկումների ժամանակ իրենց Spirit of Innovation («Նորարարությունների ոգի») ինքնաթիռը դարձել է էլեկտրական փոխադրամիջոցներից ամենաարագընթացն աշխարհում։ Այն կարողանում է ժամում 623 կմ արագություն զարգացնել։ 

Ընկերությունը նաև հայտնել է, որ Spirit of Innovation-ը սահմանել է ևս երկու համաշխարհային ռեկորդ. ինքնաթիռը երեք կիլոմետր հեռավորության վրա զարգացրել է ժամում 555,9 կիլոմետր առավելագույն արագության, ինչպես նաև 202 վայրկյանում բարձրացել է ավելի քան 3000 մետր բարձրություն՝ 60 վայրկյանով գերազանցելով նախորդ համաշխարհային ռեկորդը։

Spirit of Innovation-ը համալրված է 400 կՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչով։ Rolls-Royce-ի ինժեներները նշում են, որ այն հագեցած է օդատիեզերական ոլորտում երբևէ ստեղծված ամենահզոր մարտկոցով։ 

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը` John M. Dibbs for Rolls-Royce

Այլ լուրեր