Գազի ռեկորդային գները Եվրոպայում «թանկ» ձմեռ են կանխատեսում

14 Հուլիս, 2021
Լուսանկարը՝ Reuters

Եվրոպայում գազի գնի սրընթաց աճն սկսվեց հուլիսին՝ նոր պատմական ռեկորդ գրանցելով: Դրան նպաստեցին մի շարք գործոններ։ Նախ առաջիկա կես ամսվա ընթացքում նորոգվելու են ռուսական գազի առաքման «Հյուսիսային հոսք» և «Յամալ-Եվրոպա խողովակաշարերը», իսկ «Գազպրոմն» Ուկրաինայի տարածքով տարանցման ծավալների աճ չի նախատեսում։ Ասիայում գազի գները շարունակում են աճել, ինչը նշանակում է, որ եվրոպացի գնորդների համար սեղմված գազի հասանելիությունը կասկածի տակ է:

Վերջին ամսվա ընթացքում գազի գինն աճել է 31% -ով (տարեսկզբից` 80%-ով): «Գազպրոմը» վերջերս ազդարարեց դեպի հեռավոր արտերկիր արտահանվող գազի միջին գնի նոր ցուցանիշը՝ 2021 թվականի համար 240 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:

Մինչ 2019 թվականը «Հյուսիսային հոսք» և «Յամալ-Եվրոպա» խողովակաշարերի պլանային նորոգման ժամանակ «Գազպրոմն» ավելացնում էր Ուկրաինայով գազի տարանցման ծավալները: 2020 թվականին առաջին անգամ նման բան տեղի չունեցավ։ Պակասորդն այն ժամանակ լրացվեց Եվրոպայի պահեստարաններից, ինչը 2020 թվականին մի փոքր մեղմեց իրավիճակը շուկայում, քանի որ պահեստարանները լեփ-լեցուն էին:

Այս տարի իրավիճակը բոլորովին այլ է. ԵՄ պահեստարանների լցվածությունը դիտարկումների պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա է (47,2%), ինչը 15.13 տոկոսային կետով ցածր է անցած հինգ տարիների միջին մակարդակից։

Փորձագետները համոզված էին, որ սեղմված գազը ամռանը հեղեղելու է եվրոպական շուկան, բայց նրանց հույսերը ևս չարդարացան. հեղուկ գազի հասանելի ծավալներն ամբողջությամբ ուղղվեցին դեպի ասիական շուկաներ, ուր առաջարկվող գինը զգալիորեն բարձր էր եվրոպականից։ Արդյունքում սեղմված գազի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացավ՝ հասնելով 463 ԱՄՆ դոլարի հազար խորանարդ մետրի համար:

Աղբյուրը՝ Reuters/Interfax

Այլ լուրեր