Լուսանկարը՝ Rubin/NASA/JPL-Caltech
Փսիքե աստղակերպը, որը պտտվում է Մարսի ու Յուպիտերի միջև, տեսականորեն կարող է փլուզել միջազգային շուկաները։ Այն բառացիորեն լցոնված է օգտակար հանածոներով՝ երկաթ, նիկել, նաև բազմաթիվ հազվագյուտ մետաղներ, մասնավորապես՝ ոսկի, պլատին, կոբալտ, իրիդիում, ռենիում։ Ընդ որում՝ այնպիսի քանակներով, որ դրանց մոտավոր արժեքը կոպիտ հաշվարկներով կարող է կազմել մոտ 10,000 կվադրիլիոն ԱՄՆ դոլար, ինչը գերազանցում է համաշխարհային տնտեսության արդի ծավալը։
Փսիքե աստղակերպը մարդկությանը վաղուց է հայտնի։ Այն հայտնաբերվել է 1852 թվականի մարտի 17-ին Անիբալե դե Գասպարիսի կողմից Նեապոլում և կոչվել է հոգու աստվածուհու անունով (ըստ հին հունական դիցանբանության)։ Մինչ այժմ, սակայն, հայտնի էր միայն, որ, ի տարբերություն այլ աստղակերպերի, որոնք բաղկացած են քարից ու սառույցից, Փսիքեն «մետաղական» մարմին է։
Եվ ահա ՆԱՍԱ-ի գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել աստղակերպը երկու կողմերից և, ինչն առավել կարևոր է՝ ոււլտրամանուշակագույն լույսի տակ, ինչն էլ հնարավորություն է ստեղծել ստանալ աստղակերպի առավել հստակ պատկերն ու գնահատել նրա «արժեքը»։
Աստղակերպի գերճշգրիտ նկարագիրն ու ծագումը կպարզվեն արդեն 2022 թվականին, երբ ՆԱՍԱ-ն անօդաչու տիեզերանավ կգործարկի այն ուսումնասիրելու համար։
Փսիքեն մեր արեգակնային համակարգի «աստղակերպերի գոտու» ամենահոծ ու մեծածավալ աստղակերպն է։ Այն 190 կմ տրամագծով կարտոֆիլի ձև ունեցող մարմին է։
Աղբյուրը՝ USA Today