Եվրոպական երկրները բախվել են որակավորված աշխատուժի դեֆիցիտի խնդրին: Տարբեր ոլորտներում մասնագետների պակասն ավելանում է կորոնավիրուսի հետևանքով փակ սահմանների պատճառով։
Եվրամիության (ԵՄ) երկրներում գործազրկության մակարդակը գերազանցում է յոթ տոկոսը: Փորձագետների կարծիքով՝ իրավիճակը կկայունանա եւ կվերադառնա նախահամաճարակային մակարդակին 2023 թվականից ոչ շուտ:
COVID-19-ի հետ կապված արգելքների պատճառով շատերը չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի: Համալսարանները խիստ կրճատել են օտարերկրացի ուսանողների ընդունելությունը: Brexit-ը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծել՝ Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն փոխադարձ արգելքներ են սահմանել աշխատուժի տեղաշարժի և որոշ որակավորումների ճանաչման համար:
Աշխատուժի հետ կապված խնդիրներն ավելի կսրվեն, երբ ԵՄ-ն գործարկի 800 միլիարդ եվրո արժողությամբ բնապահպանական և թվային ոլորտների աջակցության ծրագիրը: Այս ոլորտներում աշխատելու համար կպահանջվեն մասնագիտացված կադրեր:
Միգրացիան դեպի Գերմանիա 2020 թվականին նվազել է մոտ մեկ երրորդով: Նորվեգիան չունի հյուրընկալության ոլորտում մասնագիտացված աշխատողներ, եւ երկիր մուտքի սահմանափակումների պատճառով չկան օտարերկրացի զբոսավարներ: Մարտկոցներ արտադրող շվեդական Northvolt AB ընկերությունը 3000 աշխատող է փնտրում Շելեֆտեո քաղաքում կառուցվող գործարանի համար: ԵՄ-ի՝ 2020 թվականի դեկտեմբերի զեկույցում արձանագրվել է աշխատուժի դեֆիցիտ շինարարության, նախագծման, ծրագրային ապահովման եւ առողջապահության ոլորտներում:
Աշխատաշուկայում խնդիրների են բախվում եվրոպական գրեթե բոլոր երկրները: Ամենաբարդ իրավիճակում Իսպանիան և Իտալիան են, որտեղ գործազրկությունը կազմում է համապատասխանաբար 16,1 և 10,2 տոկոս: Գործազրկության աճի հնարավորությունը հաստատում են նաև Euler Hermes ապահովագրական ընկերության փորձագետները: Կազմակերպության կանխատեսումների համաձայն` գործազրկության աճը մինչհամաճարակային մակարդակի համեմատ կկազմի շուրջ 38 տոկոս:
Աղբյուրը՝ Bloomberg