Աշխարհի ամենամեծ այսբերգը մի քանի մասի է բաժանվել

11 Մարտ, 2021

Լուսանկարը՝ Planet Today

Երկրի արհեստական արբանյակից ստացված լուսանկարներում սառույցի փոքր բեկորներ են երևում Հարավային Ջորջիք կղզու մոտակայքում` Անտարկտիկական թերակղզուց 1500 կիլոմետր հյուսիս-արևելք: Սառոցե բեկորներից յուրաքանչյուրը A-68a հսկայական այսբերգի մի մասն է:

Այն արդեն ավելի քան երեք տարի ամենամեծն էր համարվում աշխարհում, սակայն վերջերս սկսել է մասերի բաժանվել: Ընդհանուր 11 բեկոր կա, բայց լուսանկարում երևում է դրանց միայն մի մասը: Յուրաքանչյուր նոր բեկորին փորձագետներն արդեն անուններ են տվել: A68a այսբերգը ձևավորվել է դեռ 2017-ի ամռանը` բաժանվելով Larsen C մեծ սառցադաշտից Անտարկտիդայում։ Այդ ժամանակ սառցաբեկորի մակերեսը 5800 քառակուսի կիլոմետր էր։

Օվկիանոսում լողացող նման վիթխարի սառցաբեկորը կարող է արգելափակել ծովային կենդանիների սննդի աղբյուրներն ու ոչնչացնել ճանապարհին հայտնվող կղզիների էկոհամակարգը: Այն չափազանց վտանգավոր է նաև նավարկության համար։ Ուստի մասնագետներն ուշադիր հետևում են այսբերգին և դրանից պոկված բոլոր կտորներին:

A-68a սառցաբեկորի բաժանումը սպասելի էր: Ամիսներ առաջ արված արբանյակային լուսանկարներում արդեն ճաքեր ու կոտրվածքներ էին երևում դրա մակերերսին, որոնք էլ հանգեցրեցին բաժանմանը:

Աղբյուրը՝ Live Science

Այլ լուրեր