Քննարկվել են հոլդինգի ներդրումային ծրագրերը

06 Նոյեմբեր, 2018

Նոյեմբերի 1-ին «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության Տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էլլիս Քրիստոֆերի և քաղաքական և տնտեսական ստորաբաժանման առևտրային հարցերի պատասխանատու Տիգրան Թանանյանի հետ: Քննարկվող թեմաների շարքում էին “Շնող” ՀԷԿ-ի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ընթացքը, փոքր ՀԷԿ-երի արդիականացման նախատեսվող ծրագիրը, արևային էլեկտրակայանների կառուցման և այլ մի շարք այլ ներդրումային ծրագրեր:

Ընդգծվել է, որ Շնող ՀԷԿ-ի ծրագրի առավել կարևոր բաղադրատարրերից մեկը՝ 22 կիլոմետրանոց ճնշումային ջրային թունելը, պետք է կառուցվի ամերիկյան The Robbins ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով ընկերության կողմից վերապատրաստվող տեղացի մասնագետների կողմից: The Robbins ընկերությունը պատրաստվում է նաև անմիջական մասնակցություն ունենալ ընկերության կանոնադրական կապիտալում:

Հոլդինգի ներկայացուցիչները ԱՄՆ դեսպանությանը տեղեկացրեցին նաև, որ ներկայում բանակացություններ են ընթանում ևս մեկ ամերիկյան ընկերության հետ ծրագրի էլեկտրամեխանիկական սարքավորումների մատակարարման և մոնտաժման վերաբերյալ, ինչն էականորեն կմեծացնի ամերիկյան ընկերությունների ներգրավվածությունը ծրագրում: Ծրագրի մոտավոր արժեքը կազմում է 150-ից 180 մլն. ԱՄՆ դոլար:

Ընդգծվել է նաև այն հանգամանքը, որ շինարարության ժամանակահատվածում ստեղծվելու են ավելի քան 1200 բարձր վարձատրվող աշխատատեղեր, իսկ հիդրոէլկտրակայանն ապահովելու է երկրի ներքին սպառման մինչև 7%-ը:

Փոքր ՀԷԿ-երի արդիականացման ծրագիրը կհանգեցնի ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման, գետերի էկոլոգիական վիճակի բարելավման և շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղղման: Հնգամյա ծրագրի նախնական արժեքը գնահատվում է 120 մլն. ԱՄՆ դոլար: Արդյունքում գործող 20-25 փոքր հիդրոէլեկտրակայաններ կվերազինվեն ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և կհամապատասխանեցվեն ժամանակակից էկոլոգիական ստանդարտներին և պահանջներին:

Հանդիպման վերջում պարոն Էլլիսն ընդգծեց, որ դեսպանությունը ողջունում է ամերիկյան ձեռնարկությունների մասնակցությունը Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագրերին և շարունակելու է աջակցել հայկական և ամերիկյան գործարար փոխգործակցության հետագա ընդլայնմանը:

Այլ լուրեր