Կլիմայի փոփոխության իրական գինը․ որքան վնաս կարող է իրեն թույլ տալ աշխարհը

23 Նոյեմբեր, 2026
Պատկերը՝ SBS News

Կլիմայի փոփոխությունը հաճախ չափվում է աստիճաններով, սակայն դրա հետևանքները կարելի է չափել նաև դոլարով։ Financial Times-ի վերջին հրապարակումների համաձայն՝ բնական աղետներն այսօր համաշխարհային տնտեսությանը տարեկան մոտ 450 միլիարդ դոլարի վնաս են պատճառում, որի շուրջ 62%-ը՝ 279 միլիարդ դոլարը, ապահովագրված չէ։

Կլիմայի փոփոխությունը, ուրբանիզացիան և շինարարության թանկացումը մեծացնում են այս ապահովագրական բացը՝ ստիպելով տնային տնտեսություններին, բիզնեսներին և կառավարություններին կրել վնասների ավելի մեծ մասը։

Ապահովագրական շուկան կլիմայական ռիսկի աճի ամենաակնհայտ ցուցիչներից մեկն է։ 2025 թվականին Կալիֆոռնիայի անտառային հրդեհները, Մյանմայի երկրաշարժը և Տեխասի ջրհեղեղները հսկայական տնտեսական վնասներ պատճառեցին, որոնց զգալի մասը չապահովագրվեց։ Մյանմայում, օրինակ, երկրաշարժի հետևանքով առաջացած մոտ 12 միլիարդ դոլարի վնասից ապահովագրված էր ընդամենը շուրջ 100 միլիոն դոլարը։ Աճող ռիսկերի պայմաններում ապահովագրական ընկերությունները բարձրացնում են վճարները, սահմանափակում ծածկույթը և որոշ բարձր ռիսկային շուկաներից, այդ թվում՝ Կալիֆոռնիայի և Ֆլորիդայի որոշ հատվածներից, աստիճանաբար դուրս են գալիս։ Արդյունքում ապահովագրությունը դառնում է ավելի թանկ և երբեմն՝ պարզապես անհասանելի։

Սակայն տնտեսական վնասը շատ ավելի մեծ է, քան միայն շենքերի և ենթակառուցվածքների ավերումը։ Ծայրահեղ եղանակային պայմանները խաթարում են մատակարարման շղթաները, նվազեցնում արտադրողականությունը, վնասում գյուղատնտեսությանը և կրճատում ընկերությունների եկամուտները։ Financial Times-ի ներկայացրած հետազոտության համաձայն՝ ծայրահեղ եղանակային երևույթները կարող են տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլար եկամտի կորուստ առաջացնել աշխարհի 11,000 խոշոր ընկերությունների համար։ Օրինակ՝ Rio Tinto-ն վերջին ցիկլոնների հետևանքով ակնկալում է շուրջ 800 միլիոն դոլար եկամտի պակաս։ Երաշտը նվազեցրել է նաև Պանամայի ջրանցքի թողունակությունը և խաթարել էներգիայի արտադրությունը Ֆրանսիայում՝ ստիպելով EDF-ին մինչև 2040 թվականը նախատեսել 8.7 միլիարդ եվրոյի ներդրումներ ենթակառուցվածքների դիմակայունության բարձրացման համար։

Կլիմայի փոփոխությունից, սակայն, ոչ բոլոր ընկերություններն են կորցնում։ Որոշ ոլորտներ շահում են շոգի, անտառային հրդեհների և կլիմայական այլ փոփոխությունների հետևանքով առաջացած ապրանքների ու ծառայությունների աճող պահանջարկից։ Այնուամենայնիվ, այդ հնարավորությունները չեն փոխում ընդհանուր միտումը․կլիմայական ռիսկը գնալով վերածվում է ֆինանսական ռիսկի։

Եթե մինչև դարավերջ գլոբալ ջերմաստիճանը բարձրանա նախաարդյունաբերական մակարդակից մոտ 2.6°C-ով, պարապուրդի տնտեսական գինը կարող է զգալիորեն աճել։ Հետևաբար, խնդիրը միայն այն չէ, թե որքան վնաս կպատճառի կլիմայի փոփոխությունը, այլև՝ որքանով կարող ենք նվազեցնել այդ վնասը՝ ներդրումներ կատարելով հարմարվողականության մեջ՝ դիմակայուն ենթակառուցվածքներ, ավելի կայուն մատակարարման շղթաներ, վաղ նախազգուշացման համակարգեր և հասանելի ապահովագրություն ստեղծելով։

Ի վերջո, հարցն այլևս այն չէ՝ կարո՞ղ ենք, արդյոք, մեզ թույլ տալ պայքարել կլիմայի փոփոխության դեմ։ Հարցն այն է՝ կարո՞ղ ենք, արդյոք, մեզ թույլ տալ չանել դա։

Աղբյուրը՝ Financial Times

Պատկերը՝ SBS News

Այլ լուրեր