Քիմիկոսները ստեղծել են բնության մեջ նմանակը չունեցող «գերոլորված» մոլեկուլ

27 Հուլիս, 2026
Պատկերը՝ University of Manchester

Գիտնականները սինթեզել են եզակի տոպոլոգիայով մոլեկուլ, որի կառուցվածքը պահանջում է չորս լիարժեք պտույտ՝ ելակետին վերադառնալու համար: Սա նույնիսկ ավելի բարդ է, քան հայտնի Մյոբիուսի ժապավենը, որտեղ բավական է երկու պտույտը:

Մոլեկուլը բաղկացած է ընդամենը ածխածնի 13 և քլորի 2 ատոմներից, որոնք միացած են օղակով: Սակայն դրա տարածական կոնֆիգուրացիան այնքան անսովոր է, որ եթե պատկերացնենք դրա վրայով շարժվող մասնիկ, ապա նույն կողմին վերադառնալու համար նա պետք է օղակը շրջանցի չորս անգամ:

Սա աշխարհում առաջին մոլեկուլն է, որի տոպոլոգիան պահանջում է չորս պտույտ: Համեմատության համար՝ դասական Մյոբիուսի ժապավենն ունի մեկ «կիսապտույտ» և պահանջում է երկու անցում՝ նույն մակերեսին վերադառնալու համար:

Սինթեզն իրականացվել է ոսկե բարակ մակերևույթի վրա՝ ծայրահեղ ցածր ջերմաստիճանում: Ատոմները մանիպուլյացիայի են ենթարկվել հատ-հատ՝ ատոմա-ուժային և սկանավորող թունելային մանրադիտակների օգնությամբ. սա փաստացի մոլեկուլի «հավաքում» է ձեռքով՝ ատոմային մակարդակում:

Անսովոր ձևն առաջացել է էլեկտրոնային ալիքների առանձնահատկությունների պատճառով. էլեկտրոնները բաշխվում են ամբողջ մոլեկուլով մեկ՝ ձևավորելով բարդ ինտերֆերենցիոն նախշեր: Հենց դրանց փոխազդեցությունն էլ «ստիպել է» կառուցվածքին ոլորվել նման կոնֆիգուրացիայով:

Ամենահետաքրքիրն այն է, որ մոլեկուլը կարելի է «փոխակերպել»: Փոքր էլեկտրամագնիսական իմպուլսի օգնությամբ գիտնականները փոխել են ոլորվածության ուղղությունը (ձախից աջ) կամ ամբողջությամբ «ուղղել» այն՝ դարձնելով հարթ օղակ: Սա ճանապարհ է բացում կառավարվող տոպոլոգիայով մոլեկուլային փոխակերպիչների և նանոսարքերի ստեղծման համար:

Աղբյուրը՝ Science

Պատկերը՝ University of Manchester

Այլ լուրեր