Եվրոպացի և ամերիկացի կլիմայագետները Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում հզոր ամպրոպների և տեղատարափ անձրևների դիտարկումների ընթացքում պարզել են, որ տեղումների այս ծայրահեղ ձևերը զգալիորեն ուժեղանում են այդ տարածաշրջաններում բնահողի խոնավության մակարդակի կտրուկ հակադրության առկայության պարագայում:
«Գլոբալ տաքացման հետևանքով ջերմաստիճանի բարձրացումը կարող է ավելի խորացնել հակադրությունը չոր և խոնավ բնահողով տարածաշրջանների միջև, ինչը կսաստկացնի ամպրոպներն աշխարհի այն տարածաշրջաններում, որոնք արդեն իսկ ենթարկվում են այդ տեղումների հզոր հարվածներին։ Ուստի այն հարցի ըմբռնումը, թե ինչպես է խոնավությունը ազդում ամպրոպների վրա, առանձնապես կարևորվում է հզոր ամպրոպները կանխատեսելու և դրանց մասին հանրությանը նախազգուշացնելու գործում», - հայտարարել է UKCEH-ի գիտաշխատող Էմմա Բարթոնը։
Բարթոնը և հետազոտողները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով հզոր ամպրոպների և փոթորիկների ձևավորման հանգամանքները, որոնք անցյալ տարի պատուհասել են արևմտյան և կենտրոնական Աֆրիկայի բազմաթիվ տարածաշրջանների և Հնդկաստանի Բենգալիային, ինչպես նաև այս տարվա մարտին Արգենտինային։ Անսովոր առատ տեղումները առաջացրել են ջրհեղեղներ և այլ բնական աղետներ, որոնք խլել են ավելի քան 1000 մարդու կյանք և լրջորեն վնասել ենթակառուցվածքները:
Ամերիկացի և եվրոպացի կլիմայագետներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ Երկրի մակերևույթից արտազատվող ջերմության քանակը էապես կախված է նրանից, թե որքան խոնավություն է պարունակում բնահողը և որքան արագ է այդ ջուրը գոլորշիանում։ Ղեկավարվելով այս գաղափարով՝ գիտնականները վերլուծել են արբանյակային տվյալները և դաշտային չափումների արդյունքները, որոնք կատարվել են վերջին 20 տարվա ընթացքում աշխարհի այն շրջաններում, որտեղ տեղի են ունեցել հզոր ամպրոպներ և հորդառատ անձրևներ:
Կլիմայագետների հաշվարկները ցույց են տվել, որ այս տեղումներն ուժեղացել են մոտավորապես 10-30%-ով այն դեպքերում, երբ այս ամպրոպները սկսվելուց մի քանի օր առաջ գիտնականները հայտնաբերել են բնահողի խոնավության մակարդակի զգալի տարբերություններ մայրցամաքների այն շրջաններում, որտեղ տեղի են ունեցել այս արտակարգ եղանակային երևույթները:
Սա ցույց է տալիս բնահողի խոնավության մակարդակի աննախադեպ ազդեցությունը ամպրոպների վրա, ինչը պետք է հաշվի առնել կարճաժամկետ և երկարաժամկետ եղանակի կանխատեսումներ կատարելիս, եզրակացրել են Բարթոնը և նրա գործընկերները:
Աղբյուրը՝ UK Centre for Ecology & Hydrology
Պատկերը՝ kellogggarden.com