Ջերմային ալիքները կարող են ոչնչացնել օվկիանոսի տարատեսակության 25 տոկոսը

15 Հունվար, 2024
Պատկերը՝ By Flip Nickln/NAT GEO Image Collection

Ավստրալացի գիտնականները Քվինսլենդի համալսարանից կարծում են, որ մարջաններն ամբողջ աշխարհում կարող են զգալիորեն վնասվել առաջիկա մեկ-երկու տարում սպասվող ուժեղ շոգի ալիքների պատճառով։

«Մենք ապշեցինք, երբ հայտնաբերեցինք, որ ջերմային սթրեսի պայմանները սկսվել են մինչ այժմ գրանցված բարձրակետերից 12 շաբաթ շուտ և պահպանվել են շատ ավելի երկար Խաղաղ օվկիանոսի արևելյան մերձարևադարձային մասերում ու Կարիբյան ավազանի մեծ մասում։

Պատմական տվյալները վկայում են, որ ներկա ծովային ջերմային ալիքները, հավանաբար, կդառնան մարջանների գլոբալ զանգվածային գունազրկման և անհետացման պատճառ հաջորդ 12-24 ամիսների ընթացքում»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Ուվե Հոգ-Գուլդբերգը։

Գիտնականի խոսքով՝ ստեղծված կլիմայական վիճակը անհետացման լուրջ վտանգի առջև է կանգնեցնում ոչ միայն մարջանները, այլև օվկիանոսների ամբողջ տարատեսակության մեկ քառորդ մասը։ Շոգից բացի, մարջանների խութերի վրա բացասական ազդեցություն է գործում նաև ծովի ջրի թթվայնության և աղտոտվածության բարձրացումը։

Հետազոտողն ավելացրել է, որ շոգի հանդեպ կայունության գեների ներդրման փորձերը մարջանների բնական պոպուլյացիայում խոստումնալից արդյունքներ են տալիս, բայց այդ գործողությունները պահանջվող մասշտաբով իրականացնելը դժվար է լոգիստիկայի պատճառով։

Աղբյուրը` National Geographic

Պատկերը՝ By Flip Nickln/NAT GEO Image Collection

Այլ լուրեր