Չինացի ֆիզիկոսները բեկում են մտցրել միջուկային էներգիայի ոլորտում: Նրանք ծովի ջրից ուրանի արդյունահանման նոր եղանակ են մշակել՝ օգտագործելով մեղրամոմը։ Այս եղանակը կարող է հեղափոխություն իրականացնել միջուկային էներգիայի ոլորտում։
Գիտնականները հաշվարկել են, որ Երկրի ընդերքում ուրանի պաշարները կազմում են մոտավորապես 7,6 միլիոն տոննա, որը կբավարարի ուրանի պահանջարկը ևս 100 տարի։ Միաժամանակ, ինչպես ցույց են տալիս հաշվարկները, օվկիանոսում կա մոտավորապես 4,5 միլիարդ տոննա ուրան: Միջուկային վառելիքի նման հսկայական պաշարը կարող է աշխարհը միջուկային էներգիայով ապահովել մի քանի հազար տարի:
Սակայն ծովի ջրից ուրանի արդյունահանումը շատ բարդ է։ Ուրանը օվկիանոսում առկա է շատ ցածր խտության աստիճանով, ինչը դժվարացնում է դրա արդյունահանումը: Այժմ չինացի ֆիզիկոսները ծովի ջրից ուրանի արդյունահանման նոր արդյունավետ եղանակ են ստեղծել:
Այդ նպատակով գիտնականները կլանման բարձր գործակցով հատուկ գնդեր են ստեղծել։ Նյութը ստեղծվել է պոլիամիդոքսիմ կոչվող լուծարված պոլիմերից (այն ձգում է մետաղները ջրի մեջ) և հալված մեղրամոմից։
Ֆիզիկոսները փորձարկել են իրենց գնդերը ինչպես իրական, այնպես էլ մոդելավորված ծովային պայմաններում և լավ արդյունքներ են գրանցել։ 15 օրվա ընթացքում 10 լիտր սովորական ծովային ջրից ստացվել է 4,79 միլիգրամ ուրան 1 գրամ գնդի դիմաց։ Հետագա փորձերը ցույց են տվել, որ գնդերը կարող են ծովի ջրից ուրան արդյունահանել 95,9%-ից մինչև 99,5% արդյունավետությամբ:
Ծովի ջրից ուրանի արդյունահանման նոր եղանակը էժան նյութերի միջոցով ցույց է տալիս, որ այս տեխնոլոգիան արդյունաբերական մասշտաբով մարդկությանը կարող է հսկայական քանակությամբ միջուկային վառելիք ապահովել, որն անհրաժեշտ է ատոմակայանների միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու համար:
Աղբյուրը՝ Wiley Online Library
Պատկերը՝ Vladimir Zepletin/iStock