Էլ Նինյոյի դրսևորումններն արտառոց կդառնան, եթե կլիմայի փոփոխությունը չդանդաղեցվի

16 Սեպտեմբեր, 2024
Պատկերը՝ David McNew via Getty Images

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Էլ Նինյոյում ընթացող բնական բնույթի արտառոց դրսևորումները սպառնում են սովորական դառնալ։

Հուժկու Էլ Նինոյի ժամանակ Հարավային Ամերիկայի արևմտյան ափին առատ տեղումներ են լինում, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղների և սողանքների, մինչդեռ Խաղաղ օվկիանոսի արևմտյան շրջաններում, մասնավորապես՝ Ինդոնեզիայում և Ավստրալիայում, երաշտ է արձանագրվում։

Ըստ ՄԱԿ-ի 2023 թվականի զեկույցի՝ ջերմոցային գազերի արտանետումների ներկայի միտումների շարունակման դեպքում մինչև 2100 թվականը գլոբալ ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կբարձրանա 2,9 աստիճանով: Սակայն նոր մոդելային հետազոտությունը ցույց է տալիս, որ, եթե մոլորակը դրանից ավելի շատ տաքանա՝ 3,7°C, ապա Էլ Նինյոյի 90%-ը կմրցի դիտարկումների ընթացքում գրանցված ամենահուժկու դրսևորումների, ինչպես 1997-1998 թվականներին տեղի ունեցած Էլ Նինյոյի հետ:

Ըստ 1999 թվականին հրապարակված գնահատականի՝ Էլ Նինյոն 23 հազար մարդու մահվան և միլիարդավոր դոլարների վնասի պատճառ է դարձել՝ փոթորիկների, երաշտների և ջրհեղեղների հետևանքով առաջացած հիվանդությունների բռնկումից:

«Եթե մենք հայտնվեինք մի իրավիճակում, երբ յուրաքանչյուր Էլ Նինյո ծայրահեղ Էլ Նինյո է Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում, դա հսկայական սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենա Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի համար», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ Թոբիաս Բեյրը, որը մինչ այդ հետազոտություն է անցկացրել որպես Գերմանիայի Գեոմար Հելմհոլցի անվան օվկիանոսի հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող:

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Էլ Նինյո և Լա Նինյա բոլորաշրջանների վրա բուռն բանավեճեր է հարուցել: Որոշ վաղ մոդելներ ենթադրում էին, որ տաքացող աշխարհը կարող է լինել մշտատև Էլ Նինյո վիճակում, երբ հասարակածի շուրջ փչող պասսատնրը թուլանում են, իսկ Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածի ջրերը ավելի են տաքանում:

Օվկիանոսի այս տաքացումը լայնածավալ ազդեցություն է թողնում կլիմայի և եղանակի վրա: Ջրի արձակած ջերմությունը ներթափանցում է մթնոլորտ՝ բարձրացնելով գլոբալ միջին ջերմաստիճանը։

Հյուսիսային Ամերիկայի վրայով շիթային հոսքը շարժվում է դեպի հարավ՝ ցամաքեցնելով Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքը և ավելի շատ տեղումներ առաջացնելով Միացյալ Նահանգների հարավում:

Դրա առավել ծանր հետևանքներից մի քանիսը Հարավային կիսագնդում են նկատվում. Հարավային Ամերիկայում  արտառոց անձրևներ են տեղում, մինչդեռ Խաղաղ օվկիանոսի հակառակ կողմում՝ երաշտներ և անտառային հրդեհներ մոլեգնում:

Աղբյուրը՝ Science

Պատկերը՝ David McNew via Getty Images

Այլ լուրեր