Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են ամորֆ սառույցի նոր տեսակ, որի միջին խտությունը շատ մոտ է հեղուկ ջրի խտությանը: Գիտնականների թիմն իրականացրել է մի գործընթաց, որը կոչվում է «գնդային մանրացում»՝ կառուցվածքով և խտությամբ նոր տեսակի սառույց ստանալու համար:
Հաղորդվում է, որ տեխնիկան բաղկացած է սովորական սառույցի ուժեղ թափահարումից՝ խառնված չժանգոտվող պողպատից գնդիկներով, որոնք սառեցվել են մինչև -200°C հեղուկ ազոտով: Անսպասելիորեն հետազոտողները ստացել են սովորական սառույցի ոչ թե փոքր բեկորներ, այլ ամորֆ սառույցի նոր ձև, որը բնութագրվում է մոլեկուլային խաթարված կառուցվածքով: Թեև այն նման է եղել սառույցի, բայց ունեցել է գրեթե նույն խտությունը, ինչ հեղուկ ջուրը: Թիմն այն անվանել է «միջին խտության ամորֆ սառույց» (MDA)։
«Մենք գիտենք սառույցի 20 բյուրեղային ձևերի մասին, բայց նախկինում ամորֆ սառույցի միայն երկու հիմնական տեսակ է հայտնաբերվել, որոնք հայտնի են որպես բարձր և ցածր խտության ամորֆ սառույց»,- բացատրում է Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Քրիստոֆ Զալցմանը: MDA սառույցը գտնվում է հենց այս երկու խտությունների արանքում:
Ամորֆ սառույցները պոտենցիալ առանցքային նյութեր են հեղուկ ջրի անոմալիաները բացատրելու համար: Պարզվում է, որ ջուրը բավականին խորհրդավոր հատկություններ ունի։ Օրինակ, առավելագույն խտություն ստացվում է 4°C ջերմաստիճանի դեպքում, իսկ պինդ վիճակում, երբ այն սառչում է, դառնում է ավելի քիչ խիտ (սա բացատրում է, թե ինչու է սառույցը լողում ջրի վրա)։
Աղբյուրը՝ The New York Times
Պատկերը՝ Christoph Salzmann/REUTERS