«ԱրևԷկ» արևային էլեկտրակայան

03 Հոկտեմբեր, 2017

«ԱրևԷկ» արևային էլեկտրակայանը կառուցվել է Տաշիր ընկերությունների խմբին պատկանող «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի կողմից բացառապես սեփական ֆինանսական միջոցների հաշվին: Ընկերությունը այս նախագիծը չի համարում որպես ներդրումային. սա պիլոտային ծրագիր է, որը հնարավորություն կտա հասկանալ ընտրված սարքավորումների արտադրողականությունը, համեմատել տվյալ տարածքում հաշվարկված արևային ճառագայթմամբ պայմանավորված պլանային և իրական արտադրված էլեկտրաէներգիայի հարաբերակցությունը, պատկերացում կազմել կայանի նախագծումից մինչև կառուցումն ու շահագործումն ընկած բոլոր փուլերի, տվյալ ոլորտի մատակարարների հետ աշխատանքի առանձնահատկությունների և այլնի վերաբերյալ։

Այն որպես առաջին կոմերցիոն էլեկտրաէներգիա արտադրող կայան արդեն իսկ միացված է ՀԷՑ-ին:

«ԱրևԷկ»-ը 434,72 կՎտ տեղակայվող հզորությամբ արևային էլեկտրակայան է, որն ըստ նախնական հաշվարկների կարող է արտադրել տարեկան 571.000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա: Ընդ որում էլեկտրակայանը գտնվելու է անընդհատ շահագործման մեջ՝ անկախ տարվա եղանակներից և եղանակային պայմաններից: Հաշվի առնելով կայանի տարածքի բարդ ռելիեֆը՝ արևային վահանակները կրող կոնստրուկցիան ունի հատուկ կարգավորման մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս կարգավորել վահանակների դիրքը և բարձրությունը՝ ապահովելով կայանի առավել արդյունավետ աշխատանքը: «ԱրևԷկ»-ը հագեցած է ՌԵԿՈՄ գերմանական ընկերության մոնոկրիստալինե արևային վահանակներով, ABB ընկերության ինվերտորներով և մոնիթորինգի համակարգով, այլ առաջադեմ եվրոպական ընկերությունների սարքավորումներով, արևային, տեղեկատվական և հողանցման մալուխներով, որոնք թույլ են տալիս հասնել առավելագույն արտադրողականության:

Ընկերության կողմից հատուկ ընտրվել են այնպիսի հողեր, որոնք չեն կարող օգտագործվել գյուղատնտեսական, անասնապահական կամ այլ նշանակությամբ:

Իսկ էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգայի արտադրությունն էլ հանդիսանում է Կայանի կարևորագույն առավելություններից մեկը:

Հաշվի առնելով Ընկերության արդեն իսկ ունեցած փորձը, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումը և համապատասխանաբար սարքավորումների գների անկումը միջազգային շուկայում՝ ծրագրվում է կառուցել ավելի հզոր արևային կայաններ՝ կատարելով խոշոր ներդրումներ:

Այլ լուրեր