Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ միջուկային էներգետիկան կարող է օգնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, իսկ սկզբունքային հրաժարումը միջուկային էներգիայից կարող է հանգեցնել էներգամատակարարման հետ կապված լուրջ խնդիրների։
«Միջուկային ռեակտորների անջատումը կդժվարացնի հուսալի էներգամատակարարման և կայուն գների ապահովումը», - կարծիք է հայտնել Գեյթսը։
«Մենք չպետք է բացառենք այս կամ այն լուծումը, քանի դեռ հստակ չենք ստուգել էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցման հուսալիությունն ու ծախսերը»,- հավելել է Գեյթսը՝ մանրամասնելով, որ ժամանակակից աշխարհում էլեկտրաէներգիայի պահանջարկը կտրուկ աճել է։ Նոր, ավելի հուսալի ատոմային ռեակտորները կարող են օգնել մարդկությանը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում։
Այս ամենի հետ մեկտեղ, Գեյթսը վերապահումով է մոտենում գազային էլեկտրակայանների կառուցմանը, քանի որ կարծում է, որ բնական գազը անցումային տեխնոլոգիա չի կարող հանդիսանալ, թեև դեռ բավական երկար ժամանակ աշխարհը գազի որոշակի քանակության կարիք կունենա։
Աղբյուրը՝ Handelsblatt