Կկարողանա՞ ԱՄՆ-ը նվազեցնել կախվածությունը չինական հազվագյուտ մետաղներից

12 Հունվար, 2021

Oilprice.com

1970-ականների նավթային ճգնաժամից ի վեր Միացյալ Նահանգները համառորեն ձգտում է էներգետիկ անկախության։ Սակայն, իրար հաջորդող նավթային ճգնաժամերը, նավթի գնի զգալի տատանումներն ու «կանաչ էներգետիկայի» աննախընթաց զարգացումն ակներև դարձրին այն փաստը, որ, բացառապես օրգանական հանածո վառելիքով աշխատող էներգիայի աղբյուրների վրա հենվելու դեպքում Վաշինգթոնը երբեք չի հասնի իրական էներգետիկ անկախության։

Ավելին, էներգիայի «կանաչ» և վերականգնվող աղբյուրների կատարելագործման գլոբալ միտումների արմատավորման պայմաններում Միացյալ Նահանգները նոր խնդրի առջև է կանգնում՝ «կանաչ» էներգիայի արտադրության համար անհրաժեշտ նյութերը երկիրը ստիպված է գնել Չինաստանից։

Չինաստանը մենաշնորհային դիրք ունի հազվագյուտ նյութերի միջազգային շուկայում։ Միացյալ Նահանգներում արևային վահանակների, հողմակայանների, էլեկտրամոբիլների մարտկոցների, բջջային հեռախոսների, համակարգիչների, ազգային անվտանգության համակարգերի, բժշկական, ինչպես նաև նավթի ու գազի արդյունահանման սարքավորումների արտադրության մեջ օգտագործվող հազվագյուտ տարրերի 80%-ը ստացվում է Չինաստանից։

Նման կախվածությունն, իհարկե վտանգում է ԱՄՆ-ի դիրքերը։ Բայց սա դեռ ամենը չէ. Չինական ազդեցությունը ոլորտի վրա առանձնապես սուր կարտահայտվի առաջիկայում, երբ ընտրված նախագահ Ջո Բայդենը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնն ու ձեռնամուխ կլինի «Կանաչ գործարքի» իր պատվախնդիր ծրագրի կենսագործմանը։

Աղբյուրը՝ Oilprice.com

Այլ լուրեր