Ինչպես նավթի բացասական գները բացահայտեցին ֆյուչերսային շուկայի վտանգները

08 Հուլիս, 2020

Պատմական անկումը տեղի ունեցավ ապրիլի 20-ին, երբ West Texas Intermediate տեսակի նավթի գինն ընկավ գրեթե 300%՝ վաճառվելով մեկ բարելը բացասական 37 դոլարով:

Նավթի գինը կայուն վերականգնվում է՝ գրանցելով 90% կտրուկ աճ, իսկ մայիսը՝ որպես WTI համար ամենալավ ամիս: Այնուամենայնիվ, նավթային արդյունաբերությունը դեռ չի վերականգնվել կորոնավիրուսի համաճարակի հետևանքներից: Այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Chevron, Exxon և ConocoPhillips, հայտարարել են արդյունահանման ծավալների էականորեն կրճատման վերաբերյալ, իսկ Whiting Petroleum ապրիլին դարձավ ոլորտի առաջին խոշոր ընկերությունը, ով դիմեց օգնության սնանկությունից խուսափելու նպատակով:

 Նավթի պահանջարկի անկումը, որը հաջորդեց համաճարակին, նշանակալից դեր խաղաց բացասական գներին անցում կատարելու գործում: «Ամենացածր կետում մենք նկատեցինք, որ ապրիլին պահանջարկը նվազել է 30%: Նավթի համաշխարհային շուկայի զարգացման սկզբին, այն է՝ վերջին 40 տարիների ընթացքում, մենք ականատես չենք եղել նման երևույթի», - ասել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի բիզնեսի հարցերով պրոֆեսոր Սևերին Բորենշտեյնը:

Իսկ ավելի վատն այն էր, որ գնային պատերազմ սկսվեց նավթային գիգանտների՝ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև մարտի սկզբին այն բանից հետո, երբ ՕՊԵԿ-ին և իր գործընկերներին չհաջողվեց հասնել համաձայնության մատակարարման ծավալների էականորեն կրճատման վերաբերյալ: Քանի որ առաջարկը մնում էր կայուն, իսկ պահանջարկը հասել էր նվազագույն մակարդակի, ոլորտը սկսեց արագորեն սպառել նավթի պահեստավորման համար նախատեսված տարածքները: Վերջինս էլ դարձավ ջախջախիչ նորություն WTI ֆյուչերսներում ներդրողների համար, որոնց, ինչպես սպասվում է, պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, անցնելու էր նավթի ֆիզիկապես տնօրինման իրավունքը:

«WTI հատուկ է, քանի որ այն սերտորեն կապված է ֆիզիկական նավթի հետ»,- ասել է «Ամերիկյան վառելիք և նավթաքիմիական արտադրողներ» ասոցիացիայի ավագ փոխնախագահ Դերեկ Մորգանը:

WTI մատակարարման օրվա մոտենալուն զուգընթաց ներդրողները սկսեցին մասսայական վաճառք, որպեսզի ձերբազատվեն պայմանագրերից, որն էլ հանգեցրեց աննախադեպ փլուզման բացասական տիրույթում:

Պատմական անկումը արագորեն ցնցեց ԱՄՆ ֆինանսական շուկան: Dow անկում ապրեց ավելի քան 1200 նիշով հաջորդ երկու օրերի ընթացքում, և բրոքերային ընկերությունները հաճախորդների վնասները փոխհատուցելու նպատակով կրեցին բազմամիլիոնանոց վնասներ: Սակայն փորձագետները նշում են, որ երևույթը աննախադեպ էր, բայց խուճապ չկար: «Պայմանագրերը շատ քիչ էին: Այս գներով շատ քիչ գործարքներ էին կնքվել, և գինը շատ արագ ցատկ կատարեց դրական տիրույթ»,- նշում է Բորենշտեյնը:

Փորձագետները գտնում են, որ տատանվող գների ազդեցությունը, հավանաբար, ավելի մեծ ազդեցություն կունենա ամերիկյան թերթաքարային արդյունաբերության վրա, որը հաճախ մեծ պարտքեր ունի բարձր արտադրական ծախսերի պատճառով:

Աղբյուրը՝ CNBC

Այլ լուրեր