Մեկնարկել են Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացմանը միտված աշխատանքները

23 Նոյեմբեր, 2016

Մեկնարկել են Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից այսօր տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ համատեղ արդեն իսկ մշակվել է գործողությունների ծրագիր-ժամանակացույցի նախագիծը, որն ուղարկվել է շահագրգիռ կառույցներին՝ համակողմանի քննարկումներ իրականացնելու նպատակով։ Ամբողջացումից հետո հաջորդ տարվա առաջին կեսին այն կներկայացվի կառավարության հաստատմանը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի փոխանցմամբ, միաժամանակ աշխատանքներ են տարվում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում սկզբունքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ:Դրանով մեկ շուկայի մոդելից անցում է կատարվելու  մյուս  մոդելին, որտեղ արդեն օրենքով թույլատրվելու են ներմուծել ազատականացման  էլեմենտներ:

Գալստյանի կարծիքով, Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի այսօրվա կառուցվածքը կատարելագործման կարիք ունի՝ աստիճանական ազատականացման, ինչպես նաև հարևան երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի բոլոր հնարավորությունների օգտագործման նպատակով։   Վերջին տարիների ընթացքում դրա համար ձևավորվել են բավարար նախադրյալներ։ Թեև մեծածախ շուկան ամբողջությամբ մրցակցայինի վերածելու հնարավորությունները դեռևս սահմանափակ են՝ էլեկտրաէներգիա արտադրող կայանների գների միջև առկա մեծ տարբերությունների պատճառով, այդուհանդերձ դա խոչընդոտ չէ հրաժարվել, այսպես ասած, միակ գնորդի մոդելից և հնարավորություն ստեղծել, որպեսզի շուկա մուտք ունենան նաև այլ մասնակիցներ։

Որպես այդպիսին, լիարժեք մրցակցային շուկայի ստեղծումը իրատեսական է համարվում տարածաշրջանային միասնական շուկայի ստեղծման պարագայում։ Ինչպես հայտնի է, այդ ուղղությամբ քայլերն արդեն մեկնարկել են։ Իրականացվող տարածաշրջանային մի շարք ծրագրերի արդյունքում ակնկալվում է մինչև 2019 թվականը ստեղծել դրա հիմքերը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արդեն ընդունվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի կատարելագործման և կարգավորման նոր գործիքների ներդրման հայեցակարգը, ինչպես նաև որակավորված սպառողների և մատակարարների ցանց մուտք գործելու կանոնակարգը։

Ըստ այդմ, շուկայի ազատականացման պայմաններում նախատեսվում է թե՛ արտադրողների, և թե՛ սպառողների պատասխանատվության մեխանիզմների կատարելագործում. «Այսօր ո՛չ արտադրող, և ո՛չ էլ խոշոր սպառող ընկերությունները պատասխանատվություն չեն կրում վաճառքի և սպառման (պատվիրակված հզորությունների) ծավալների համար, ինչը կարող է էլեկտրաէներգիայի արտադրության պլանավորված և փաստացի ծավալների շեղումների պատճառով անհամաչափ տատանումներ առաջացնել սակագնային կարգավորման ժամանակ։ Այս առումով միջազգային լավագույն փորձն այն է, որ և՛ արտադրողները, և՛ խոշոր (որակավորված) սպառողները հանդիսանում են պատասխանատվություն կրողներ»,-ասել է Գալստյանը։

Շուկայի ազատականացման ճանապարհին, ըստ Ա.Գալստյանի,  անհրաժեշտ է ինչպես համապատասխան էլեկտրոնային հարթակի հիմնումը, այնպես էլ շուկայական կարգավորման նոր կառույցների ձևավորումը։ Այդ գործընթացքում նախատեսվում է ստեղծել շուկայի օպերատոր, որը հանդիսանալու է էլեկտրաէներգիայի առևտրի կազմակերպման հիմնական պատասխանատուն։ 

Նախատեսվում է նաև սակագների ձևավորման կատարելագործում և արդյունավետ մեխանիզմների ներդրում.

Խոսքը, մասնավորապես գիշերային և ցերեկային սակագների, դրանց մեծությունների, կիրառման ժամերի մասին է։ Այդ առումով կարող է դիտարկվել նաև սեզոնային, պիկային կամ գիշերային խիստ թերբեռնված ժամերի համար նոր սակագների սահմանման նպատակահարմարությունը։

Էներգետիկ շուկայի ազատականացումը Ա.Գալստյանի կարծիքով, ուղղակի ազդեցություն կունենա նաև սակագների վրա: «Մենք ակնկալում ենք, որ մրցակցային էլեմենտների օգտագործումը կնպաստի սակագների նվազեցմանը։ Մրցակցությունը, ի  վերջո, նպաստում է  ծախսերի կրճատմանը: Այդ պայմաններում յուրաքանչյուրը փորձում է նվազեցնել ծախսերը, որպեսզի շուկայում  ունենա նպաստավոր  դիրք և կարողանա իրացնել իր ապրանքը»,-նշել է Գալստյանը։

Այլ լուրեր