Ինչպես երևում է փոխըմբռնման հուշագրից, որը ստորագրվել է Հնդկաստանի և Իրանի միջև դեռևս անցած ամիս, երկրները հրաժարվել են դոլարով փոխադարձ վճարումներից, մասնավորապես, իրանական նավթի մատակարարման դիմաց վճարումներ կատարելուց: Համաձայն այս փաստաթղթի Իրանական Հանրապետությունից մատակարարվող նավթային հումքի դիմաց վճարումներ կատարվելու են հնդկական ռուփիով:
Հնդկական նավթամշակող ընկերությունները ներմուծվող հումքի դիմաց միջոցները փոխանցելու են Իրանական խոշորագույն բանկերից մեկի՝ «UCO Bank»-ում բացված Իրանական ազգային նավթային ընկերության (NIOC) հաշվեհամարին: Այդ միջոցների կեսը Իրանի կողմից ուղղվելու է հնդկական ապրանքների արտահանման դիմաց վճարումներ կատարելուն:
Նոյեմբերի 5-ին ուժի մեջ են մտել ամերիկյան սանկցիաները, որոնք ուղղված են Իրանի դեմ, և որոնց ներքո հայտնվել են նաև իրանական նավթի արտահանումները: Սակայն Սպիտակ Տան կողմից մի քանի երկրների տրվել են ժամանակավոր թույլտվություններ Իրանից նավթ գնելու համար: Այդ պետությունների թվում են Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Չինաստանը, Թայվանը, Թուրքիան, Հարավային Կորեան և Ճապոնիան:
Փորձագետների գնահատմամբ Իրանի նավթի արտահանման ծավալները ներկայում նվազել են արդեն մինչև 1միլիոն բարել մեկ օրում: