
Երկրաբանները պարզել են, որ աֆրիկյան մայրցամաքը կճեղքվի ավելի շուտ, քան մենք ենթադրում էինք։ Ակտիվ ռիֆտը հասել է «կրիտիկական շեմին» և շուտով կբաժանվի՝ ձևավորելով նոր օվկիանոս։ Այնուամենայնիվ, «շուտով»-ը հարաբերական հասկացություն է. դա դեռ կխլի մի քանի միլիոն տարի, բայց երկրաբանական մասշտաբով դա ընդամենը ակնթարթ է։
«Մենք հայտնաբերել ենք, որ այս գոտում ռիֆտոգենեզը ընթանում է ավելի ակտիվ, իսկ երկրակեղևը ավելի բարակ է, քան որևէ մեկը ենթադրում էր», — ասում է Կոլումբիայի համալսարանի Քրիստիան Ռոուենը։ «Արևելյան Աֆրիկան ռիֆտոգենեզի գործընթացում առաջ է գնացել ավելի հեռու, քան նախկինում էր համարվում»։
Այս բացահայտման մեջ հետաքրքիրը դրա նշանակությունն է մեր սեփական պատմության համար։ Քենիայի Թուրկանայի ռիֆտային գոտու տարածքը հարուստ է վաղ հոմինինների բրածոներով, ինչը վկայում է դրա առանցքային նշանակության մասին մարդու էվոլյուցիայի գործընթացում։
Սակայն նոր բացահայտումը ենթադրում է, որ այս տարածաշրջանը, հնարավոր է, մեր նախնիների համար ավելի կարևոր չի եղել, քան Աֆրիկայի ցանկացած այլ տարածաշրջան. ամենայն հավանականությամբ, պարզապես այս երկրաբանական գործընթացներն են ստեղծել բրածոնացման համար շատ բարենպաստ պայմաններ։
Երկրի վրա մայրցամաքների ներկայի դասավորությունը մեզ թվում է անփոփոխ, բայց իրականում դրանք մշտապես շարժվում են, թեև չափազանց դանդաղ։ Ավելի քան 200 միլիոն տարի առաջ դրանք բոլորը միավորված էին մեկ գերմայրցամաքի մեջ, և ենթադրվում է, որ հեռավոր ապագայում դրանք (մեծ մասամբ) կրկին կմիավորվեն։
Այնտեղ, որտեղ հանդիպում են երկու տեկտոնական սալեր, ձևավորվում են լեռներ։ Այնտեղ, որտեղ դրանք հեռանում են միմյանցից, ծնվում են օվկիանոսներ։ Արևելաաֆրիկյան ռիֆտային համակարգը վերջինի վառ օրինակն է։
Նոր հետազոտության մեջ գիտնականները կենտրոնացել են այս համակարգի կոնկրետ մի մասի վրա՝ Թուրկանայի ռիֆտային գոտու, որը հարյուրավոր կիլոմետրերով ձգվում է Քենիայի և Եթովպիայի միջով։ Թիմը վերլուծել է այս տարածաշրջանում նախկինում կատարված սեյսմիկ չափումները և հաշվարկել այդ տարածքում երկրակեղևի հաստությունը։
Աղբյուրը՝ Nature Communications
Պատկերը՝ Shutterstock/FOTODOM/titoOnz