
Գիտնականներն առաջին անգամ կազմել են երկրագնդի մանթիայում՝ մոլորակի կեղևի տակ գտնվող խորը շերտում, տեղի ունեցող, այսպես կոչված, «անհնարին» երկրաշարժերի համաշխարհային քարտեզը։ Այն փաստում է, որ դրանք տեղի են ունենում աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում, այլ ոչ թե միայն առանձին կետերում, ինչպես նախկինում կարծում էին։
Այս աշխատանքը նոր էջ է բացում Երկրի մակերևույթի տակ սեյսմիկ ակտիվության կառուցվածքի և դրա հնարավոր պատճառների ընկալման հարցում։
Երկրաշարժերի մեծ մասը տեղի է ունենում երկրակեղևում՝ համեմատաբար բարակ ու փխրուն շերտում, որտեղ լարվածությունը կուտակվում է, իսկ հետո հանկարծակի պարպվում՝ առաջացնելով ցնցումներ։
Կեղևի տակ գտնվող մանթիան սովորաբար համարվում է պլաստիկ և «ձգվող» միջավայր, որտեղ նման կտրուկ խզումներն անհնար էին թվում։ Սակայն երկրաֆիզիկոսները վաղուց էին հայտնաբերել շատ խորը ցնցումների վկայություններ, որոնք սկիզբ են առնում, այսպես կոչված, Մոհորովիչիչի սահմանից (Moho) ավելի քան 35 կմ խորության վրա։ Այդ սահմանն անջատում է կեղևը մանթիայից:
Թեև նման երկրաշարժերը շատ ավելի հազվադեպ են, քան սովորական կեղևայինները, դրանց համաշխարհային բաշխվածությունը և առաջացման պայմանների բազմազանությունը ստիպում են նորովի դիտարկել խորքային սեյսմիկության մեխանիզմները։ Նոր քարտեզը գիտնականներին կօգնի ավելի ճշգրիտ ուսումնասիրել, թե երկրակեղևի տակ ընթացող որ գործընթացները կարող են մանթիայում խզումներ առաջացնել, և կբարելավի երկրաշարժերի մասին ընդհանուր պատկերացումը։
Աղբյուրը՝ Science
Պատկերը՝ Axel Wang