Ամերիկյան ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին

30 Հոկտեմբեր, 2017

2017 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 16։30 Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության դահլիճում կայացավ Շնող ՀԷԿ-ի կառուցման շուրջ համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը։ Հուշագիրը ստորագրվեց Հայաստանում գրանցված և գործող «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Company» ամերիկյան ընկերության միջև։

Համաձայն Հուշագրի «The Robbins Company» ընկերությունը ցանկանում է ներդրում կատարել «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա, ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պարոն Աշոտ Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլզը։

Պարոն Մանուկյանի խոսքերով. «Շնող ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարության համատեքստում։ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում այն փաստը, որ այդ քայլն արվում է ամերիկյան գործընկերների մասնակցությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դեբեդ Հիդրո» և «Ռոբինս» ընկերություններին՝ մեր երկրի էներգետիկ համակարգի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության համար բարձր կարևորություն ունեցող այս ձեռնարկման հերթական կարևոր քայլն անելու համար։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը և անձնապես դեսպան Միլզին՝ երկու երկրների մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև սկիզբ դրվող երկարատև համագործակցությանը գործուն օժանդակություն ցուցաբերելու համար»։

«Այս տարի մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության հետ մեր դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, և ես չեմ կարող մտաբերել մեր 25-ամյա գործընկերության արդյունքների ավելի լավ խորհրդանիշ, քան այն նվաճումը, որ մենք այսօր տոնում ենք»,— ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Դեբեդ Հիդրո» և «Ռոբինս» ընկերությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-Հայաստան աճող համագործակցության օրինակ է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարար Մանուկյանին Շնողի հիդրոէլեկտրակայանի ներդրումային հնարավորությունն ինձ անձամբ ներկայացնելու համար, ինչպես նաև շնորհավորել նրան մեր համատեղ ջանքերով և Ռոբինս համաշխարհային կարգի ամերիկյան ընկերության թունելային հորատող տեխնոլոգիան և սարքավորումները Հայաստան բերելու միջոցով այդ ծրագիրն իրականություն դարձնելու կապակցությամբ»:

Հայաստանում՝ Լոռու մարզում 76ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին եռակողմ շրջանակային համաձայնագիրը հաստատվել է ՀՀ Կառավարության օգոստոսի 10-ի թիվ 973-Ա Որոշմամբ և ստորագրվել Հայաստանի Հանրապետության Կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ (որպես կառուցող) և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (որպես հովանավոր) միջև:

Շնող ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է մոտ 150-190 մլն ԱՄՆ դոլար։

Ավելի վաղ ՀՀ Կառավարությունը հաստատել էր Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը՝ ընդգրկելով ծրագիրը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկում, ինչպես նաև ընդգծել էր կայանի կառուցման համար մասնավոր ներդրումների ներգրավման և ներդրողներին համապատասխան երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը և վերոնշյալն ապահովելու համար հանձն առել կիրառել պետություն-մասնավոր հատված համագործակցության տարբերակը։


Այլ լուրեր