Առաջին անգամ NASA-ն խորը տիեզերքից Ultra HD տեսանյութ է ուղարկել Երկիր

29 Հունվար, 2024
Պատկերը՝ NASA/JPL-Caltech

Ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ NASA-ն, տվյալների հոսքային տեխնոլոգիաների փորձարկման շրջանակում առաջին անգամ խորը տիեզերքից Ultra HD որակի տեսանյութ է ուղարկել Երկիր։ Տասնհինգ վայրկյան տևողությամբ տեսանյութում Թեյթերս անունով կատուն խաղում է լազերային լույսի հետ։

Կատվի մասնակցությամբ տեսանյութը Երկիր է փոխանցվել դեկտեմբերի 11-ին լազերի միջոցով մոտ 30 միլիոն կիլոմետր հեռավորությունից, ինչը 80 անգամ ավելի է, քան Երկրից Լուսին ընկած տարածությունը:

Տեսանյութի փոխանցումը տևել է 101 վայրկյան։ Ազդանշանն ստացել է Կալիֆոռնիայի Հեյլի աստղադիտակը, այնուհետև յուրաքանչյուր կադր ուղարկվել է Ռեակտիվ շարժման լաբորատորիա (JPL, NASA-ի հետազոտական կենտրոն), որտեղ տեսանյութն ամբողջությամբ նվագարկվել է իրական ժամանակում։

JPL-ի ազդանշանների ստացման էլեկտրոնիկայի նախագծի մենեջեր Ռայան Ռոգալինն ասել է, որ չնայած միլիոնավոր մղոն հեռավորությանը, խորը տիեզերքից ազդանշանի փոխանցումն ավելի արագ է եղել, քան JPL-ի ընդունիչ կենտրոնից ազդանշանի փոխանցումը համացանցի միջոցով։

NASA-ում նշել են, որ լազերի միջոցով տեսանյութը հոսքային տարբերակով ուղարկելը կարևոր իրադարձություն է, որը հնարավորություն կտա ապագայում մարդկանց մասնակցությամբ առաքելություններ կատարել Երկրի ուղեծրից դուրս:

«Այս փորձարկումը ճանապարհ կհարթի գերարագ հաղորդակցությունների համար՝ աջակցելով հաջորդ հսկա թռիչքին՝ մարդկանց Մարս ուղարկելուն»,- ասվում է տիեզերական գործակալության տարածած հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ NASA JPL

Պատկերը՝ NASA/JPL-Caltech

Այլ լուրեր