Էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցներ արտադրողները ձգտում են կիրառել ավելի մատչելի նյութեր

26 Դեկտեմբեր, 2022
Պատկերը՝ REUTERS/Denis Balibouse/File Photo

Ամերիկյան և Եվրոպական ստարտափերը ձգտում են ստեղծել նոր մարտկոցներ՝ օգտագործելով երկու տարածված և մատչելի տարրեր՝ նատրիում և ծծումբ, ինչը թույլ կտա վերացնել մատակարարման շղթայում առկա բացը, որն էլ իր հերթին կխթանի էլեկտրական մեքենաների (ԷԱ) զանգվածային արտադրությունը:

Ներկայի ԷԱ-ներն աշխատում են լիթիում-իոնային մարտկոցներով, որոնք պատրաստված են լիթիումից, կոբալտից, մանգանից և բարձրորակ նիկելից, որոնց գները կտրուկ աճել են։

Ապագայի ԷԱ-ները, որոնք արտադրվելու են 2025 թվականից հետո, կարող են անցնել նատրիում-իոնային կամ լիթիում-ծծմբային վերալիցքավորվող մարտկոցների, որոնք կարող են 2-3 անգամ ավելի մատչելի լինել, քան ներկայի լիթիումի իոնայիններն են:

Դա կախված է էլեկտրաքիմիայի հնարավոր առաջընթացից: Նոր մարտկոցների քիմիական կազմը դեռ ունի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Նատրիում-իոնային մարտկոցները դեռ չեն կուտակում բավարար էներգիա, մինչդեռ ծծմբայիններն արագ քայքայվում են և երկար կյանք չունեն:

Այնուամենայնիվ, ավելի քան 12 ստարտափեր ներգրավել են միլիոնավոր դոլարների ներդրումներ, ինչպես նաև պետական դրամաշնորհներ նոր տեսակի մարտկոցներ մշակելու համար:

Էլեկտրամեքենայի մարտկոցի ամենաթանկ տարրը հանդիսանում է կաթոդը, որին բաժին է ընկնում մարտկոցի արժեքի մինչև մեկ երրորդը:

Էլեկտրամեքենաների մարտկոցներում ներկայում մեծամասամբ օգտագործվում է երկու տեսակ կաթոդներից մեկը կամ մյուսը՝ նիկել-կոբալտ-մանգան (ՆԿՄ) կամ լիթիում-երկաթ-ֆոսֆատ (ԼԵՖ): ՆԿՄ կաթոդները ի զորու են պահել ավելի շատ էներգիա, սակայն օգտագործում են թանկարժեք նյութեր (նիկել, կոբալտ): ԼԵՖ կաթոդները հիմնականում չեն պահպանում այդչափ էներգիա, սակայն դրանք ավելի անվտանգ են և, որպես կանոն, մատչելի, քանի որ դրանցում օգտագործվում են առավել տարածված նյութեր:

Հիմնական կաթոդային նյութերի, ինչպիսիք են նիկելն ու կոբալտը, արժեքները կտրուկ աճել են վերջին երկու տարիների ընթացքում: Այդ իսկ պատճառով էլ շատ ընկերություններ հույս ունեն փոխարինել դրանք ավելի էժան և տարածված նյութերով, ինչպիսիք են նատրիումն ու ծծումբը, եթե, իհարկե, հնարավոր լինի հաղթահարել դրանց տեխնիկական սահմանափակումները:

Աղբյուրը՝ Reuters

Պատկերը՝ REUTERS/Denis Balibouse/File Photo


Այլ լուրեր