21-րդ դարի սկզբից ջրհեղեղներից տուժած մարդկանց թիվն աշխարհում աճել է 24 տոկոսով՝ տասն անգամ ավելի, քան կանխատեսում էին գիտնականները:
Cloud to Street ընկերության մասնագետները նոր ուսումնասիրություն են անցկացրել: Արբանյակային դիտարկումների արդյունքների հիման վրա նրանք պարզել են, որ ջրհեղեղի բարձր ռիսկ ունեցող տարածքներում բնակչության թվի աճը պայմանավորված է այդ տարածքների տնտեսական զարգացմամբ:
«Բնակչության խոցելի խմբերին հաճախ այլ ելք չի մնում, քան բնակություն հաստատել ջրհեղեղների գոտիներում», – բացատրում են մասնագետները:
Նրանց տվյալներով` 2000-2018 թվականներին ջրհեղեղներն ամբողջ աշխարհում ազդել են 2,23 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի վրա, ինչից տուժել է 255-290 միլիոն մարդ: Միաժամանակ, ջրհեղեղների գրեթե 90 տոկոսը բաժին է ընկնում Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրներին, հատկապես այնպիսի խոշոր գետերի ավազաններում, ինչպիսիք են Մեկոնգը, Ինդոսը, Գանգեսը և Բրահմապուտրան:
Բացի այդ, արբանյակային տվյալները վկայում են Լատինական Ամերիկայի հարավում, Մերձավոր Արևելքում և Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում ջրհեղեղների գոտու մեծացման մասին:
Cloud to Street-ի տվյալներով՝ կլիմայի և ժողովրդագրական փոփոխությունների հետևանքով մինչև 2030 թվականը ջրհեղեղները կազդեն ևս 25 երկրների բնակչության վրա:
Աղբյուրը՝ Nature
Լուսանկարը՝ pixabay.com