Ֆրանսիական EDF էներգետիկ կորպորացիան կարևոր քայլ է ձեռնարկել Հնդկաստանում աշխարհի խոշորագույն ատոմակայանի կառուցման ուղղությամբ:
Ընկերությունը առաջարկ է ներկայացրել Ջայթապուրում երրորդ սերնդի վեց EPR ռեակտորների կառուցման նպատակով ինժեներական հետազոտությունների և սարքավորումների մատակարարման համար: Աշխատանքների ավարտին կայանը կարտադրի 10 ԳՎտ էլեկտրաէներգիա, որը բավարար է 70 միլիոն տնային տնտեսությունների համար:
Ենթադրվում է, որ շինարարությունը կտևի 15 տարի, բայց հարթակը հնարավորություն կունենա էլեկտրաէներգիայի արտադրությունը սկսել մինչև շինարարության վերջնական ավարտը:
EDF-ը, որը բանակցություններ է վարում հնդիկ պաշտոնյաների հետ, ներգրավված չի լինի շինարարության բուն գործընթացում. այն միջուկային ռեակտորներ կտրամադրի գործարքի շրջանակներում, որում ընդգրլված է ամերիկյան GE Steam Power ընկերությունը:
Չնայած ֆինանսական մանրամասներ չեն հաղորդվում, այդուհանդերձ, պայմանագիրը գնահատվում է տասնյակ միլիարդավոր Եվրո։
Ներկայում Հնդկաստանն ունի 22 գործող միջուկային ռեակտոր, որոնց մեծ մասը ծանր ջրի։ Դրանք ապահովում են երկրի էլեկտրաէներգիայի շուրջ երեք տոկոսը:
Աղբյուրը՝ India Today