Citi Bank-ը կանխատեսում է, որ 2021 թվականին նավթի գինը կբարձրանա մինչև 60 դոլար

22 Սեպտեմբեր, 2020

Ըստ Citigroup-ի, որը նավթի վերաբերյալ լավատեսական մոտեցումներ ունի, հաջորդ տարվա ավարտին նավթի գների՝ մինչև մեկ բարելի դիմաց 60 ԱՄՆ դոլար բարձրացում տեղի կունենա, քանի որ մինչ այդ նավթի ավելցուկային մատակարարումների ծավալն անկում կապրի։ Տնտեսական աճի հետևանքով նավթի գլոբալ պահանջարկը կվերադառնա մինչկորոնավիրուսային մակարդակի արդեն 2021-ի վերջերում։ Այս մասին Bloomberg-ին տրված հարցազրույցի ընթացքում հայտնել է Citi-ի ապրանքային հետազոտությունների գլոբալ ղեկավար Էդ Մորսը:

Ըստ Citigroup-ի, Brent նավթի գները, որոնք անցյալ շաբաթ անկում էին ապրել պահանջարկի վերաբերյալ առկա մտահոգությունների ֆոնին, պետք է որ հաջորդ տարվա ընթացքում հասնեն բարելի դիմաց 55 ԱՄՆ դոլարի, իսկ տարեվերջին հասնեն նախկին 60 ԱՄՆ դոլար շեմին։ Ակնկալվում է, որ WTI նավթը, որը 37 ԱՄՆ դոլար էր այս երկուշաբթի, հաջորդ տարեվերջին կթանկանա մինչև 58 ԱՄՆ դոլար։ Մեկ այլ խոշոր բանկ, Goldman Sachs-ը, նույնպես ակնկալում է, որ հաջորդ տարի նավթի գները կբարձրանան մինչև բարելի դիմաց 60 ԱՄՆ դոլար կամ ավելի։

Ներդրումային բանկերի ակնկալիքները հաջորդ տարվա նկատմամբ ավելի լավատեսական են, սակայն նավթի առևտի մեջ ներգրավված ընկերությունները կարճաժամկետ հեռանկարում հակված են ավելի հոռետեսական սցենարների։ Առաջատար անկախ առևտրականներից մեկը՝ Trafigura-ն, կանխատեսում է, որ շուկան գերմատակարարում կունենա տարեվերջին և մինչև 2020թ. ավարտը պահեստավորված նավթի քանակը կավելանա՝ պահանջարկի վերականգնման տեմպերի դանդաղեցման հետևանքով: Շուկան կվատթարանա նախքան բարելավվելը, երկուշաբթի օրը Bloomberg-ի կողմից կազմակերպված խորհրդաժողովում հայտարարեց Trafigura-ի նավթի վաճառքի գծով համանախագահ Բեն Լաքոկը: Ըստ վերջինիս՝ շուկայում գերմատակարարումը հասնում է այն կետին, երբ լողացող պահեստներ ապահովելու նպատակով բեռնատար տանկերների վարձույթը շահավետ է դառնում:

Աղբյուրը՝ oilprice.com

Այլ լուրեր