Argel HPP. Photo credit: Renewable Energy World
«Տաշիր» ընկերությունների խումբը ավարտել է «ՌուսՀիդրո» ՀԲԸ-ի հետ կնքվող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ) ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ գործարքը:
2019 թվականի դեկտեմբերին կնքված «ՄԷԿ» ՓԲԸ-ի 90% բաժնետոմսերի (Հայաստանում կառավարում է Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը) առուվաճառքի պայմանագրի պայմանների համաձայն «Տաշիր»-ը ամբողջությամբ մարել է «ՄԷԿ» ՓԲԸ-ի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և Ասիական Զարգացման Բանկի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունները, որից հետո ընկերության բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է գնորդին:
Գործարքի վերաբերյալ թույլտվությունը տրվել է ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից: Գնելով «ՄԷԿ» ՓԲԸ-ն՝ «Տաշիր»-ը ընդլայնեց Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող ակտիվների իր պորտֆելը:
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, համաձայն պայմանագրի «ՄԷԿ» ՓԲԸ-ի 527 085 հատ սովորական անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերի արժեքը կազմել է 172,96 միլիոն ռուբլի:
Լրացուցիչ տեղեկատվություն
«ՄԷԿ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիա արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը (դրվածքային հզորությունը 561,4 ՄՎտ կամ Հայաստանի Հանրապետության էլեկտրակայանների դրվածքային հզորության ընդհանուր ծավալի մոտ 14%-ը), վերջինիս տնօրինության ներքո են գտնվում յոթ հիդրոէլեկտրակայաններ, որոնք արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի 8-10%-ը: Կասկադ ՀԷԿ-ը օգտագործում է Հրազդան գետի բնական հոսքը և Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջրերը:
«ՌուսՀիդրո»-ն հանդիսանում է խոշորագույն դրվածքային հզորություն ունեցող ռուսական էներգետիկ ընկերություն, որը ՌԴ-ի տարածքում միավորում է 400-ից ավելի էներգիա արտադրող օբյեկտներ: Հիդրոէներգետիկայի ոլորտում «ՌուսՀիդրո»-ն իր մեծությամբ աշխարհում չորրորդն է, ՌԴ-ում՝ առաջինը. հանդիսանում է առաջատարը Ռուսաստանում վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի արտադրության մեջ: «ՌուսՀիդրո»-ի կազմի մեջ մտնող էլեկտրակայանների, ներառյալ՝ Բոգուչանսկայա ՀԷԿ-ի, դրվածքային հզորությունը կազմում է 39,4 ԳՎտ:
Աղբյուրը՝ www.tashir.ru