Գիտնականները պարզել են, թե ինչն է Երկրի վրա կյանքի «պայթյուն» առաջացրել

26 Օգոստոս, 2024
Պատկերը՝ Johan Holmdahl/Getty Images

Մեր մոլորակը  ավելի քան 4,5 միլիարդ տարվա պատմություն ունի: Այս ընթացքում այն դարձել է կենդանիների միլիարդավոր տեսակների տունը, սակայն այն, թե կոնկրետ ինչն է կյանք առաջացրել մոլորակի վրա, երկար ժամանակ առեղծված էր մնում:

Հետազոտողները նախկինում կարծում էին, որ Երկրի վրա թթվածնի արտասովոր ալեցայտը մոտ 540 միլիոն տարի առաջ առաջացրել է քեմբրիյան պայթյուն, որը կյանք է առաջացրել մոլորակի կենսոլորտում՝  ձևավորելով կենդանիների ապշեցուցիչ հարուստ տեսականի: Բայց հարցը, թե արդյո՞ք սրանում թթվածինն է այդքան կարևոր դեր  խաղացել, երկար ժամանակ մնում էր գիտնականների քննարկման առարկա:

Նոր ուսումնասիրության մեջ գիտնականներն ապացույցներ են գտել, որ ավելի քան 500 միլիոն տարի առաջ թթվածինը իրականում չի հեղեղել մոլորակի մթնոլորտն ու օվկիանոսները, և, հետևաբար, դանդաղորեն լուծվել է ծանծաղ ավազաններում և օվկիանոսի մերձցամաքային ծանծաղուտներում: Կարևոր է նշել, որ դա չի նշանակում, թե թթվածինը ընդհանրապես որևէ դեր չի խաղացել կենսաբազմազանության  խթանման գործում, որը հանգեցրել է բազմաթիվ տարբեր կենդանիների առաջացմանը, որոնք մենք այսօր տեսնում ենք:

Հետազոտության ավագ հեղինակ, Սթենֆորդի համալսարանի երկրակենսաբան Էրիկ Սպերլինգի կարծիքով, քեմբրիական կենդանիների համար, հավանաբար, այնքան թթվածին չի պահանջվել, որքան գիտնականները նախկինում կարծում էին: Գիտնականներն ուսումնասիրել են նստվածքային ապարները և հայտնաբերել օքսիգենացման միայն չնչին ավելացում, «որը ճիշտ մեծություն ունի էկոլոգիայում մեծ փոփոխություններ առաջացնելու համար»։

Իրենց աշխատանքում գիտնականներն իրականացրել են երկու միկրոէլեմենտի՝ մոլիբդենի և ուրանի, որոնք օվկիանոսում թթվածնի գլոբալ մակարդակի ցուցիչներ են, ինչպես նաև օվկիանոսների և մթնոլորտի միջև թթվածնի հոսքերի կենսաերկրաքիմիական մոդելների վերլուծությունը։ Արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ օվկիանոսի խորքում թթվածնի մակարդակը հասել է ժամանակակից մակարդակի ընդամենը մոտ 140 միլիոն տարի առաջ՝ արդեն դևոնյան ժամանակաշրջանում:

Ըստ հետազոտության համահեղինակ,  Սաութհեմփթոնի համալսարանի հնէակենսաբան Ռիչարդ Սթոքիի, գլոբալ առումով, իրենց աշխատանքի արդյունքները ցույց չեն տալիս օվկիանոսի լիարժեք հագեցվածությունը թթվածնով: Այնուամենայնիվ, գիտնականները կասկածում են, որ քամիների և ալիքների հետևանքով ծանծաղ ջրերում առաջացած թթվածնի մակարդակը, հավանաբար, այնքան է բարձրացել, որ բավարարել է ծովային կյանքի  բոլոր տեսակներին:

Աղբյուրը՝ Newsweek

Պատկերը՝ Johan Holmdahl/Getty Images

Այլ լուրեր