Գիտնականներն ապացուցել են, որ տարբեր չափային դասերի ծովային օրգանիզմները մինչեւ 1850 թվականը նույն կշիռն են ունեցել: Սակայն մեր օրերում այս օրինաչափությունը խախտվել է, քանի որ մարդը խախտել է բնական հավասարակշռությունը։
Դեռ 50 տարի առաջ ի հայտ եկավ այն վարկածը, որ օվկիանոսում տարբեր չափային դասերի կենսազանգվածները մոտավորապես հավասար են։ Այսինքն՝ տեսականորեն օվկիանոսում բոլոր բակտերիաների զանգվածը հավասար է եղել բոլոր կետերի զանգվածին, թեև այսօր դա այդպես չէ։ Այս վարկածը մնում էր անվիճելի, և այն հաստատել են, օրինակ՝ պլանկտոնների տարբեր խմբերի, երբեմն՝ ձկների օրինակով։
Բարսելոնայի ինքնավար համալսարանի (ICTA-UAB) բնապահպանական գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների խումբը գլոբալ մասշտաբով ստուգել է վարկածը: Հետազոտողները համեմատել են բոլոր չափային դասերի կենսազանգվածը և գնահատել են մարդու ազդեցությունը: Դրա համար մինչ առեւտրային ձկնորսության սկիզբը (մինչև 1850 թվականը) նրանք մոդելավորել են էկոհամակարգերն ու համեմատել են դրանք ժամանակակից գնահատականների հետ։
Պարզվել է, որ ավելի վաղ վարկածը ճիշտ է եղել։ Մինչ 1850 թվականը բոլոր չափային դասերի կենսազանգվածը (օվկիանոսի 200 մ վերին շերտում) մոտավորապես նույնն է եղել՝ 1 գիգատոննա։ Բայց արդյունաբերական ձկնորսության սկզբնավորման հետ մեկտեղ հավասարաչափ բաշխումը խախտվել է։ Խոշոր ձկների և դելֆինների կենսազանգվածը կրճատվել է 60%-ով, իսկ կետերինը` 90%-ով։
Աղբյուրը՝ UAB Press
Պատկերը՝ istock/DLertchairit