Արդեն մոտ հարյուր տարի է, ինչ մարդիկ երազում են թռչող ավտոմեքենաների մասին, սակայն նախկինում դրանց տարածմանը խաչընդոտում էին տարբեր պատճառներ՝ սկսած արտադրության բարդություններից մինչև կայանման անհարմարությունները:
ՆԱՍԱ-ի ինժեներները, սակայն, պնդում են, որ թռչող ավտոմեքենաների բոլոր խնդիրները լուծելի են։ 2023 թվականին նրանք ներկայացրել են Epiphany Transporter նախագիծը: Այդպիսի առևտրային անվանում տրվել է ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող ավտոմեքենային: Այս տրանսպորտային միջոցը կարող է ընթանալ մինչև 258կմ/ժ արագությամբ: 15 մետր բարձրության վրա մեքենայի ձայնը կարելի է համեմատել անձրևի ձայնի հետ: Ավտոմեքենայի կոնցեպտը ստեղծվել է խողովակային տեսակի ուժային տեղակայանքի հիման վրա, որը մշակվել է ՆԱՍԱ-ի «Էյմս» հետազոտական կենտրոնի գիտնականների կողմից: Այս շարժիչը կարող է զարգացնել այնպիսի մեծության քարշող ուժ, որը թույլ կտա ավտոմեքենային բարձրանալ օդ:
Epiphany Transporter նախագծի ինժեներ Ռոբ Բուլագը և Applied eVTOL Concepts-ից նրա գործընկերները կատարելագործել են ՆԱՍԱ-ի ուժային շարժիչը: Նոր շարժիչն արտոնագրվել և գործնական փորձարկում է անցել։ Applied eVTOL Concepts նախագծի գլխավոր դիզայներ Մայքլ Մոշիրը կարծում է, որ մոդեռնիզացիան թույլ կտա այս շարժիչներին աշխատել օդում առանց թերացումների:
Epiphany Transporter նախագծի թռչող սարքը նախատեսված է 2 անձի և բեռների փոխադրման համար: Չափերով ավտոմեքենան համեմատելի կլինի Tesla մոդելի հետ և հնարավոր կլինի կայանել սովորական ավտոտնակում: Սակայն խողովակային շարժիչի հաջող փորձարկումն աէրոդինամիկ խողովակում դեռ չի երաշխավորում, որ թռչող ավտոմեքենան կհայտնվի մոտ ապագայում: Սա ընդամենը ևս մեկ քայլ է այս տիպի փոխադրամիջոցի ստեղծման գործընթացում:
Աղբյուրը՝ Space.com
Պատկերը՝ Epiphany Transporter