Tesla ընկերությունը Ջեյմսթաունում (Հարավային Ավստրալիա) հողմային ֆերմայում կտեղադրի աշխարհում ամենախոշոր լիթիում-իոնային մարտկոցը 129 ՄՎտ*ժ տարողությամբ: Այն ապահովելու է էներգիայի պաշարը և օժանդակելու է էլեկտրակայանի աշխատանքի կայունությանը:
100 ՄՎտ հզորությամբ մարտկոցը պահպանելու է Neoen Hornsdale կայանի հողմաշարժիչներով արտադրված էներգիան: Տեղադրումը տեղի կունենա մինչև տարվա վերջ:
Իլոն Մասկը երաշխավորում էր, որ Tesla-ն Հարավային Ավստրալիայի կառավարության հետ համաձայնագիր կնքելու պահից 100 օրվա ընթացքում տեղ կհասցնի մարտկոցը, հակառակ դեպքում, մարտկոցը անվճար կփոխանցվի Neoen ընկերությանը:
«100 ՄՎտ հզորությամբ և 129 ՄՎտ*ժ տարողությամբ Hornsdale Power Reserve-ը նահանգում կդառնա ոչ միայն վերականգնվող աղբյուրներից էներգիայի ամենամեծ արտադրողը, այլ նաև կպարծենա աշխարհում ամենախոշոր լիթիում-իոնային մարտկոցով՝ շնորհիվ Հարավային Ավստրալիայում մեր ուղղակի ներդրումների, որոնք աճել են գրեթե մինչև 1 մլրդ ավստրալիական դոլար», - ասում է Neoen-ի տնօրենի տեղակալ Ռոմեն Դեսռոսսոն:
Հարավային Ավստրալիայի ղեկավար Ջեյ Ուեզերխիլլի խոսքերով, ի լրումն այն, որ նահանգը երկրում արդեն իսկ առաջատարն է վերականգնվող էներգիայի արտադրության մեջ, աշխարհում այն կզբաղեցնի առաջատարի դիրքը էներգիայի պահպանման ոլորտում:
Tesla-ն հաղթել է նաև Նոր Հարավային Ուելս նահանգում էներգիայի պահպանման համակարգի տեղադրման պայմանագիր: Powerpack մարտկոցը Սիդնեի բնակիչներին թույլ կտա խնայել էլեկտրականության հաշիվների վրա: Համակարգը կօգնի պահպանել օրվա ընթացքում ստացվող ավելցուկային էներգիան՝ այն գիշերը օգտագործելու համար, և նվազեցնել երկրի էլեկտրացանցերի ծանրաբեռնվածությունը: