Ապագայի էներգիան. ի՞նչ անել երբ նավթն ու գազը սպառվեն

02 Օգոստոս, 2021
Լուսանկարը՝ Sarah Leen/nationalgeographic.com

Նախնական հաշվարկներով 100-150 տարի անց այսօր գործող էլեկտրակայանների մեծ մասի համար որպես վառելիք օգտագործվող նավթը, գազն ու ածուխը կսպառվեն, և էլեկտրաէներգիան կդառնա շքեղություն։ Ուրեմն ի՞նչ պիտի անի մարդկությունը։

Իհարկե, ոչ ստանդարտ աղբյուրներից էներգիայի ստացման բազմաթիվ տարբերակներ կան: Նախկինում միջուկային էներգիան նշվում էր որպես այլընտրանքներից մեկը, որը կարող էր փոխարինել նավթին ու գազին, սակայն, Ֆուկուսիմայում վթարն ստիպեց մարդկությանը առավել սթափ կշռադատել միջուկային էներգիայի առավելություններն ու թերությունները։

Խոշոր հիդրոէլեկտրակայանները ևս կարող են դիտարկվել որպես ածխաջրածինների փոխարինման տարբերակ: Բայց այստեղ էլ խնդիր կա. Նրանց ներուժը սահմանափակ է, և դրանք հնարավոր չէ կառուցել ամենուր: Ստացվում է, որ հիդրոէլեկտրակայանները կարող են էլեկտրաէներգիայով ապահովել բնակչության խիստ սահմանափակ քանակի:

Արդյունքում, միջազգային հանրության հետաքրքրությունը կենտրոնացավ էներգիայի ոչ սովորական աղբյուրների վրա: Խոստումնալից սկսեցին համարվել արևային, հողմային, ինչպես նաև մինի-հիդրոէլեկտրակայանները, նաև կենսաբանական վառելիքի, երկրաջերմային ու մակընթացության էներգիայով աշխատող կայանները:

Այլընտրանքային տեխնոլոգիաների հիմնական առավելությունը շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցության բացակայությունն է։ Ցածր են նաև վառելիքի արդյունահանման, վերամշակման, փոխադրման և հեռացման ծախսերը: Բացի այդ, այլընտրանքային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս էլեկտրաէներգիա մատակարարել այն շրջաններին, ուր ավանդական աղբյուրներից էներգիայի փոխադրումը խնդրահարույց է։

Իհարկե, այլընտրանքային էներգետիկան ունի իր թերությունները: Ենթադրվում է, որ զանգվածային օգտագործման դեպքում արեգակնային վահանակները կարող են անօգտագործելի դարձնել մշակովի հողատարածքների մի զգալի մասը, իսկ կենսավառելիքի արտադրությունը կարող է դրանք դարձնել անբերրի։
Վերլուծաբանները նշում են նաև վերականգնվող աղբյուրներից ստացվեղ էներգիայի կուտակման հետ կապված խնդիրը, ինչպես նաև կուտակման ընթացքում էներգիայի կորուստներն ու զգալի կապիտալ ծախսերը։

Այդուհանդերձ, ինչ էլ որ լինի, նավթի, գազի և ածխի հիմքի վրա կառուցված էներգետիկ արդյունաբերությունը վաղ թե ուշ բախվելու է դրանց պաշարների սպառման փաստին։ Իսկ թե այնժամ ինչպե՞ս կձևափոխվի աշխարհի էներգետիկ քարտեզը՝ առայժմ պարզ չէ:

Աղբյուրը՝ National Geographic/RBC

Այլ լուրեր