Apple-ն հայտարարել է Չինաստանի տարածքում նոր եզակի ներդրումային ֆոնդի ստեղծման մասին: Ֆոնդը մատակարարների համար հասանելի կդարձնի վերականգնվող էներգիայի աղբյուրները: Կլիմայի փոփոխության դեմ պայքարելու և մատակարարման շղթայի մեջ վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը ավելացնելու համար Apple-ի կողմից կիրառվող միջոցառումների շրջանակներում առաջիկա չորս տարիների ընթացքում 10 մատակարարներ Apple-ի հետ համատեղ մոտ 300 մլն դոլար կփոխանցեն Չինաստանի մաքուր էներգիայի զարգացման ֆոնդին: Ստացված միջոցները ներդրվելու են մաքուր էներգիայի աղբյուրների օգտագործման ընդլայնման նախագծերի մշակման և զարգացման մեջ: Նման աղբյուրների ընդհանուր հզորությունը կազմելու է ավելի քան 1 գիգավատ, ինչը համապատասխանում է մոտ 1 միլիոն տան էներգիայի սպառմանը:
«Apple-ը հպարտ է, որ այլ ընկերությունների հետ միասին պայքարում է կլիմայի փոփոխության խնդրի դեմ», - ասում է Apple-ի շրջակա միջավայրի, քաղաքականության և սոցիալական նախաձեռնությունների փոխնախագահ Լիզա Ջեքսոնը: «Մենք չափազանց ուրախ ենք, որ մեր մատակարարներից շատերը ներգրավված են ֆոնդի աշխատանքի մեջ, և հուսով ենք, որ այս մոդելը կարող է օգտագործվել և այլ երկրներում, որպեսզի ցանկացած մասշտաբի ընկերություններ կարողանան օգտակար լինել մեր մոլորակի համար»։
Անցումը մաքուր էներգիայի կարող է դժվար լինել հատկապես փոքր ընկերությունների համար, որոնք միշտ չէ, որ մաքուր էներգիայի հուսալի աղբյուրների հասանելիության հնարավորություն ունեն: Իր ծավալների և ընդգրկման շնորհիվ Չինաստանի մաքուր էներգիայի զարգացման ֆոնդը մասնակիցներին կարող է առավելություն տալ էներգիայի գնման հնարավորությունների ընդլայնման տեսքով, ինչպես նաև վերականգնվող աղբյուրների օգտագործման համար ավելի հեռանկարային և բազմազան լուծումներ կիրառելու առումով: Ֆոնդը կառավարելու է կողմնակի կազմակերպություն՝ DWS խումբը, որը մասնագիտացած է կայուն զարգացման մեջ ներդրումներ կատարելու մեջ: Այն նաև լինելու է ֆոնդի ներդրողներից մեկը:
Այս տարվա գարնանը Apple-ը հայտարարել է, որ իր բոլոր շենքերը ամբողջ աշխարհում ամբողջովին անցել են վերականգնվող էներգիայի աղբյուրներին, և ավելի վաղ՝ 2015թ․-ին մեկնարկել է մաքուր էներգիայի աղբյուրների անցման ծրագիրը մատակարարների համար: Այս ընթացքում աշխարհի ավելի քան 10 երկրներում գործող 23 գործընկեր արտադրական կազմակերպություններ պարտավորվել են Apple-ի արտադրանքի կոմպոնենտների արտադրությունը ամբողջությամբ ապահովել էկոլոգիապես մաքուր աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիայով: 2020թ.-ին Apple-ը և նրա մատակարարները արտադրելու են ավելի քան 4 գիգավատ նոր մաքուր էլեկտրաէներգիա․ դա մոտավորապես մեկ երրորդն է ամբողջ էլեկտրաէներգիայի, որը այժմ սպառվում է Apple-ի արտադրանքի արտադրության վրա:
Apple-ը մատակարարների հետ միասին ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման նոր ուղիներ է փնտրում: Վերջերս ընկերությունը հայտարարել է, որ այս ոլորտում իրական առաջընթաց է տեղի ունեցել. Alcoa Corporation և Rio Tinto Aluminum ալյումինե հսկաները նոր տեխնոլոգիա են ստեղծել, որը թույլ է տալիս նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները հալման ընթացքի՝ ալյումինե արտադրության հիմնական փուլերից մեկի ժամանակ։
Չինաստանի մաքուր էներգիայի զարգացման ֆոնդի գործունեությանը մասնակցող մատակարարներն են Catcher Technology, Compal Electronics, Corning Incorporated, Golden Arrow, Jabil, Luxshare-ICT, Pegatron, Solvay, Sunway Communication, Wistron.