
Լոնդոնի King’s College-ի գիտնականներն առաջարկել են նոր մաթեմատիկական մոդել, որը հնարավորություն է տալիս ցանկացած քաոսային, անկանխատեսելի իրադարձություն՝ օրինակ՝ սրտի զարկերը կամ օվկիանոսի վրայով սուրացող քամու ձայնը՝ վերածել «ժամացույցի»։
Ավանդական պատկերացումներով՝ ժամացույցը պետք է տկտկա կանոնավոր, կանխատեսելի ռիթմով, սակայն այդ մոդելը կոտրում է նման գաղափարը։
Հետազոտությունը կենտրոնանում է այսպես կոչված մարկովյան պրոցեսների վրա՝ պատահական իրադարձությունների հաջորդականությունների, որտեղ յուրաքանչյուր նորը կախված է միայն նախորդից։ Նման գործընթացներն ամենուրեք են՝ անկանոն զարկերակ, ալիքային տատանումներ, պատահական փոփոխություններ տնտեսության մեջ և այլն։ Գիտնականների թիմը պարզել է, որ «ցատկերով»՝ այդ իրադարձությունների պահերով՝ հնարավոր է գնահատել՝որքան ժամանակ է անցել, նույնիսկ եթե «ցատկերի» միջև խիստ պարբերականություն չկա։
Նպատակներից մեկն էր պարզել, թե որն է ժամանակի ճշգրիտ «ժամացույցի» չափման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ամբողջությունը՝ նույնիսկ եթե, ասենք, դու մենակ ես անմարդաբնակ կղզում և սովորական մեխանիզմներ չունես: Հետազոտողները գտել են հավասարումներ, որոնք հնարավորություն են տալիս ժամանակը չափելու համար օգտագործել այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են սրտի տրոփյունը կամ ծովի ալիքների ալեբախումները։
Բացի դրանից, այդ մոդելը հստակ սահմանափակում է դնում դասական ֆիզիկական օրենքներով գործող ժամացույցների ճշգրտության վրա: Եթե որևէ «ժամացույց» աշխատում է ավելի ճշգրիտ, քան մոդելը հնարավորություն է տալիս, դա կարող է պայմանավորված լինել քվանտային ազդեցությոններով: Դա կարևոր է նաև կենսաբանական համակարգերի համար, օրինակ՝ կինեզինի նման մոլեկուլային շարժիչների համար, որը քաոսային ջերմային էներգիան ավելի կարգավորված շարժման է վերածում։
Ըստ գիտնականների՝ նոր մոդելը ոչ միայն թարմ հայացք է հաղորդում, թե ինչ է ժամանակը և ինչպես այն կարելի է չափել, այլև հիմնարար հարցեր է բարձրացնում. ինչու է ժամանակը միայն առաջ շարժվում, ինչու ենք մենք հիշում անցյալը, և ոչ թե ապագան, և արդյոք ժամանակն ինքնին գոյություն ունի որպես կտրտված էություն:
Աղբյուրը՝ King’s College London News
Պատկերը՝ King’s College London