Գիտնականները փնտրում են այն հարցի պատասխանը, թե ինչու մոտավորապես 10 000 տարի առաջ ավարտվեց վերջին սառցադաշտային ժամանակաշրջանը։ Ավանդական բացատրությունն այն հարցի, թե ինչու են սառցադաշտային ժամանակաշրջանները սկսվում ու ավարտվում, կապված է մոլորակի ուղեծրի տատանումների շարքով, որ հայտնի է «Միլանկովիչի շրջափուլեր» անվանումով։
Սերբ գիտնական Միլուտին Միլանկովիչի պատվին անվանված այդ շրջափուլերը նկարագրում են Երկրի ուղեծրի և առանցքի թեքման օրինաչափությունները։
Միլանկովիչը հայտնաբերել է, որ այդ գործոնների համակցությունը ժամանակի կանոնավոր հատվածներում հանգեցնում է նրան, որ հողը հյուսիսային լայնությաան 65 աստիճանի շրջանում (Կանադայով, Ալյասկայով և Եվրասիայի մի մասով անցնող զուգահեռական) սովորականից ավելի է տաքանում և ենթադրել է, որ այդ տաքացումը և դրան հետևող Հյուսիսային կիսագնդի սառեցումը բացատրում է սառցադաշտային և ավելի տաք կամ միջսառցադաշտային ժամանակաշրջանների շրջափուլերը։
Սակայն, չնայած ապացույցների առկայությանը, ժամանակակից բազմաթիվ ուսումնասիրողներ կարծում են, որ շրջափուլերի կապը սառցադաշտային ժամանակաշրջանների հետ ամբողջովին չի հաստատվում։ Խնդիրներից մեկն այն է, որ, երբ հալվել են Հյուսիսային կիսագնդի սառցադաշտերը, հալվել են նաև Հարավային կիսագնդի սառցադաշտերը։ Բայց ավանդական բացատրությամբ անհասկանալի է, թե ինչպես է մի կիսագնդում տաքացումը հանգեցնում մյուսում սառցադաշտերի հալմանը։
Հնարավոր բացարություններից մեկն այն է, որ երբ մոտ 13 000 տարի առաջ սկսեց տաքանալ Հյուսիսային կիսագունդը, հալված ջուրը և այսբերգները հեղեղեցին Ատլանտյան օվկիանոսը՝ հանգեցնելով Հյուսիսային կիսագնդի ժամանակավոր սառեցմանը, որը հայտնի է որպես «կրտսեր դրիասի ժամանակաշրջան» (12 900-11 700 տարի առաջ)։ Կան որոշ վկայություններ այն բանի, որ կրտսեր դրիասն ազդել է օվկիանոսային հոսանքների վրա այնպես, որ Ատլանտյան օվկիանոսը տաքացել է, և կուտակված ածխաթթու գազը արձակվել է մթնոլորտ, ինչը, իր հերթին, հետագա 1 500 տարիների ընթացքում հալեցրել է Հարավային կիսագնդի սառցադաշտերը։
2021 թ․ հրապարակված մյուս հիպոթեզը ենթադրում է, որ Հարավային կիսագնդում ձմեռվա տևողությունը և ինտենսիվությունը կարող է որոշել սառցադաշտային ժամանակաշրջանի ավարտման ժամանակը։
Մեկ այլ վարկածով Հնդկական օվկիանոսից Ատլանտյան հասնող աղի ջուրը օգնել է վերջ դնել վերջին սառցադաշտային ժամանակաշրջանին։ Հնդկական օվկիանոսը գերաղի է դարձել այն պատճառով, որ ծովի մակերևույթի անկումը փակել է Խաղաղ օվկիանոսից Հնդկական օվկիանոս եկող կրիտիկական հոսանքը։ Սովորաբար, այդ հոսանքը թուլացնում էր Հնդկական օվկիանոսի տրոպիկական ջրերի աղի խտությունը։ Քամիների և Հնդկական օվկիանոսում հոսանքների ուղղությունների փոփոխությունը կարող էր հանգեցնել նրան, որ Հնդկական օվկիանոսը տոննաներով խիտ աղի ջուր լցներ Ատլանտյան օվկիանոս՝ փոխելով նրա հոսանքն ու ջերմաստիճանն ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային կիսագնդերում։
Աղբյուրը՝ Live Science
Պատկերը՝ Paul Souders/Getty Images