Դանիայում կառուցվող «էներգետիկ կղզին» կօգնի կայունացնել հողմային էներգիայի մատակարարումը

16 Սեպտեմբեր, 2021
Լուսանկարը՝ Danish Energy Agency

Դանիան Հյուսիսային ծովում վիթխարի «էներգետիկ կղզի» կկառուցի: Այն կբարձրացնի երկրում վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորությունները և կկայունացնի հողմային էներգիայի մատակարարումը:

Կղզին կհայտնվի Դանիայից 80 կիլոմետր հեռավորության վրա։ Շինարարությունը կարժենա 34 միլիարդ դոլար: Նախագիծը կյանքի կոչելու համար երկրի իշխանությունները գործընկերներ կներգրավեն: Էներգետիկայի և կլիմայի նախարարությունը մրցույթ կհայտարարի, որը կորոշի կղզու համասեփականատերերին և կառուցող շինարարական ընկերությանը:

120 հազար քառակուսի մետր մակերեսով արհեստական հարթակը կառավարելու է 200 հողմակայաններ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2033 թվականը: Կղզին կկարողանա արտադրել երեք գիգավատ էլեկտրաէներգիա և էլեկտրականությամբ ապահովել միլիոնավոր սպառողների: Նախատեսվում է էլեկտրաէներգիա մատակարարել նաև Գերմանիա, Բելգիա և Լյուքսեմբուրգ, որը սեփական ափամերձ գոտի չունի։

Հողմակայանների միջոցով Դանիան էլեկտրաէներգիայով ապահովում է բնակչության գրեթե կեսին: Մինչեւ 2030 թվականը երկիրը նախատեսում է 1990 թվականի համեմատ ածխաթթու գազի արտանետումները նվազեցնել 70 տոկոսով, իսկ մինչև 2050 թվականը՝ դառնալ ածխածնային չեզոք երկիր։

Աղբյուրը՝ Bloomberg

Այլ լուրեր